Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր առաջնորդները տարակարծիք են մեծամասնականով առաջադրվելու հարցում


Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով մայրաքաղաքում առաջադրվելու գաղափարին ընդդիմադիր քաղաքական ուժերի ոչ բոլոր առաջնորդներն են հավանություն տալիս:

Մեծամասնական բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելուն համաձայն են բոլոր ընդդիմադիր ուժերը, տարաձայնությունները վերաբերում են ընդդիմադիր առաջնորդների` մայրաքաղաքում առաջադրվելուն:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի համոզմամբ` «տրամաբանություն չկա հանրապետության մասշտաբի հավակնություն ունեցող լիդերը» խնդիր դնի «լիդեր լինել նաեւ ինչ-որ մի տարածքում». - «Դա քաղաքական տրամաբանությունից դուրս հարցադրում է»:

«Պատկերացնում եք, ես դնեմ [թեկնածությունը] իմ ծննդավայրում, այն է` [Երեւանի] կենտրոնում, կինո «Նաիրի»-ի մոտ, մարտունեցիք կասեն` Գեղամյան ջան, մենք քեզ պակաս էինք պաշտպանում, որ Մարտունուց չառաջադրվեցիր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց Գեղամյանը:

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ հարցով իրենք դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Այդուհանդերձ, ՀԺԿ-ում, ըստ Դեմիրճյանի, դեմ են, որ կուսակցության նախագահը առաջադրվի մեծամասնական ընտրակարգով:

Դեմիրճյանը կիսում է Գեղամյանի տեսակետը, որ մեծ հեղինակություն ունեցող քաղաքական ուժի առաջնորդի առաջադրումը մեծամասնական ընտրակարգով նպատակահարմար չէ. - «Խոշոր կուսակցությունների ղեկավարները պետք է կենտրոնացնեն ուժերը համամասնական ցուցակի վրա եւ պայքարեն կուսակցության հաղթանակի համար: ՀԺԿ-ն բոլոր դեպքերում հիմնական շեշտը դնելու է համամասնական ցուցակի վրա»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ընդդիմադիր առաջնորդների` Երեւանում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու գաղափարի հեղինակն է, հայտարարել է, որ ինքը մայրաքաղաքում առաջադրելու է իր թեկնածությունը:

Այս օրերին Արամ Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, պաշտպանելով իրենց առաջարկությունը, փաստարկեց. - «Անպայման պիտի լիդերները կոնկրետ ընտրատարածքներում առաջադրվելով` ժողովրդին պաշտպանեն կրիմինալի հնարավոր ոտնձգություններից: Հեղինակություն ունեցող քաղաքական գործիչը միայն կարող է ժողովրդի նման պաշտպանության երաշխիքը դառնալ»:

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը փոխանցեց, որ այդ հարցով որոշում կկայացնի մոտ օրերս: Որոշում դեռ չի կայացրել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Արտախորհրդարանական ուժերից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես դեռ որոշում չի կայացրել այս հարցում, իսկ ահա «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ասաց, որ հակված է մայրաքաղաքում առաջադրել իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG