Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան մեծահարուստների ցուցակում տեղ են գտել մեկ տասնյակ հայեր


Ռուսաստանյան մեծահարուստների 500-հոգանոց ցուցակում, որը այսօր հրապարակել է «Ֆինանս» հանդեսը, տեղ են գտել մեկ տասնյակ հայեր:

«Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ եւ համասեփականատեր 36-ամյա Դանիլ Խաչատուրովը ցուցակում զբաղեցնում է 43-րդ տեղը՝ 1 միլիարդ 300 միլիոն դոլար կարողությամբ:

Ցուցակի 63-րդ տեղը զբաղեցնում է «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական բաժնետեր 39-ամյա Ռուբեն Վարդանյանը՝ 960 միլիոն դոլար կարողությամբ:

87-րդ տեղում է «Դեկրա» խմբի համասեփականատեր 48-ամյա Նիկոլայ Սարկիսովը՝ 620 միլիոն դոլար կարողությամբ, 108-րդում՝ «Բորոդինո» հոլդինգի նախագահ եւ համասեփականատեր 41-ամյա Տիգրան Ներսիսյանը՝ 490 միլիոն դոլար կարողությամբ:

Ցուցակում տեղ են գտել նաեւ «Ռեսո» ապահովագրական խմբի նախագահ Սերգեյ Սարկիսովը, Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, գործարար Արտյոմ Խաչատրյանը, «Ցենտրալ պարտներշիպ» պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրեն եւ համասեփականատեր Ռուբեն Դիշդիշյանը, «Տրաստ» ազգային բանկի տնօրենների խորհրդի անդամ Արտաշես Թերզյանը, «Լուկօյլ» նավթային ընկերության փոխնախագահ Ջիվան Չելոյանցը, որոնց կարողությունը գերազանցում է կամ մոտ է 100 միլիոն դոլարին:

Ռուսաստանյան մեծահարուստների ցուցակը այս տարի գլխավորում է «Բազովիյ էլեմենտ» վիթխարի բիզնես-կայսրության միանձնյա սեփականատեր 39-ամյա Օլեգ Դերիպասկան՝ 21 միլիարդ 200 միլիոն դոլար կարողությամբ:

Երկրորդ տեղում է Չուկոտկայի նահանգապետ, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր 41-ամյա Ռոման Աբրամովիչը՝ 21 միլիարդ դոլար կարողությամբ:

Աբրամովիչը նախորդ երեք տարիներին գլխավորել է ռուսաստանյան մեծահարուստների ցուցակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG