Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 10-ը փետրվարի)

Հայաստանի արտգործնախարարը «Ազգ» թերթում պատասխանել է նրանց, ովքեր քննադատել են նրա պնդումը, թե Կարս ֊- Թբիլիսի ֊- Բաքու երկաթուղու կառուցումը չի մեկուսացնի Հայաստանը: «Մենք այսօր մեկուսացված Հայաստան չէ, որ ունենք», - գրել է Վարդան Օսկանյանը: - «Մենք այսօր ունենք երկու հարեւան, որոնք նպատակամղված փորձում են մեկուսացնել Հայաստանին: Եվ, չնայած այդ ջանքերին, մենք ունենք ակտիվ Հայաստան, եւ որոշ դեպքերում շատ ավելի ակտիվ եւ ներգրավված, քան այդ նույն երկու հարեւանները` սկսած Եվրոմիությունից մինչեւ Եվրոխորհուրդ, ԱՊՀ ու ՆԱՏՕ, Սեւծովյան տնտեսական համագործակցություն եւ միջազգային այլ կազմակերպություններ»: «Որտե՞ղ է մեկուսացումը: Ժամանակն է վերջ դնել այս ինքնախաբեությանը: Մի դատեք Հայաստանի մասին` նայելով, թե ինչ են անում Թուրքիան եւ Ադրբեջանը, այլ դատեք նրանով, ինչ մե՛նք ենք անում եւ ինչ ընձեռում են մեզ հնարավորություններն ու առիթները», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:

«Հայք» թերթն այսպես է մեկնաբանում Հայաստանի արդարադատության նախարարի որոշումը՝ անդամակցել Հանրապետական կուսակցությանը եւ քվեարկվել այդ կուսակցության ցուցակով. - «Դավիթ Հարությունյանը վստահ է, որ ինքը լինելու է Հանրապետական կուսակցության ցուցակում, քանի որ նրան այդ կուսակցություն է գործուղել «շեֆը»՝ Ռոբերտ Քոչարյանը: Նպատակը մեկն է՝ Քոչարյանը այդպես էլ չի կարողանում հանդուրժել, որ Հանրապետական կուսակցությունում մեծամասնություն է կազմում Սերժ Սարգսյանն իր քրեածին տարրերով: Եվ հիմա Քոչարյանն էլ իր մարդկանց է ներդնում այնտեղ»:

«Ժամանակ Երեւան»֊-ը հայտնում է. - «Այսօր ամերիկյան մի շարք կազմակերպությունների հրավերով ԱՄՆ է մեկնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա 8 օր գտնվելու է Վաշինգտոնում եւ բազմաթիվ հանդիպումներ է ունենալու պետական, կուսակցական, հասարակական շրջանակների հետ, այդ թվում նաեւ՝ իշխանական լրատվամիջոցների կողմից «Բուշի վարսավիր» կնքված Մեթյու Բրայզայի հետ»:

«Առավոտ»֊-ը մեջբերում է ԱԺՄ֊-ի նախագահ Վազգեն Մանուկյանին, որը, պատասխանելով պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարություններին, ասել է. - «Այն կոպիտ արտահայտությունը, որը ես ասացի այն մարդկանց մասին, ովքեր պնդում են, թե ազատ եւ արդար ընտրություն է լինելու՝ կրկնում եմ: Սերժ Սարգսյանը չի՞ իմանում, որ կեղծիքներ եղել են ու լինելու են: Ինքը կազմակերպիչը չի՞ եղել այդ կեղծիքների: Եղել է: Իշխանությունը վերցրած հեռակա սովորողները Հայաստանը դարձրին «հեռակա» երկիր աշխարհի համար»: Մեկնաբանելով «հեռակա սովորողների» մասին արտահայտությունը՝ «Առավոտ»֊-ը ճշտում է. - «Սերժ Սարգսյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ոչ թե հեռակա, այլ երեկոյան բաժինը»:

«168 ժամ» թերթին տված հարցազրույցում Ալեքսան Հարությունյանը, որը օրերս վերընտրվել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի ղեկավարի պաշտոնում, խոստովանում է. - «2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ֊-ի դիտորդները քննադատել են Հանրային հեռուստատեսությունը՝ հավասարակշռությունը չպահպանելու համար: Այս ընտրություններին մենք բավական լուրջ ենք նախապատրաստվել եւ վստահ ենք, որ գնահատականներն ավելի վատը չեն լինի, քան նախորդ ընտրություններինը: Այսօր ես որեւէ ուժի հանդեպ ընդգծված քաղաքական համակրանք չունեմ: Այդպիսի ընդգծվածություն կար, չեմ թաքցնում, 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Ես երկար տարիներ աշխատել եմ հանրապետության նախագահի հետ, եւ եթե ասեմ, որ որեւէ կապ չունեմ՝ անկեղծ չի հնչի: Բայց այսօր իմ նախապատվությունները մինիմալ, աննշան կունենան, կամ ընդհանրապես ազդեցություն չեն ունենա մեր աշխատանքների վրա»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG