Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ


Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ամփոփել կիրակի օրը անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Երկրի օրենսդրության համաձայն, արդյունքների պաշտոնական հրապարակումը տեղի է ունենում ընտրություններից հետո երրորդ օրը, գերագույն ներկայացուցչական մարմնի` Ժողովրդական ժողովի նստաշրջանի ժամանակ:

Արեւմտյան վերլուծաբանների կարծիքով, երեկ կայացած քվեարկությունը մի շարք առումներով աննախադեպ էր` վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ թուրքմենները նախագահ էին ընտրում, առաջին անգամ թուրքմենական պատմության մեջ ընտրությունները այլընտրանքային էին, եւ առաջին անգամ այդ երկրում, թեկուզեւ շատերի գնահատմամբ՝ ձեւականորեն, բայց նախընտրական պայքարի նշույլներ առկա էին:

Թուրքմենական ընդդիմությունը, որի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը Սափարմուրադ Նիյազովի իշխանության օրոք կամ բանտում էր հայտնվել, կամ էլ արտերկրում, հայտարարում է, որ կիրակի օրը կայացած ընտրությունները զուտ ձեւական նշանակություն ունեն եւ նպատակ են հետապնդում վերարտադրել բռնատիրական վարչակազմը:

Տարագրության մեջ գտնվող ընդդիմադիրներին ոչ միայն թույլ չտրվեց մասնակցել ընտրարշավին, այլեւ արգելվեց վերադառնալ հայրենիք:

Ընտրություններին չէին մասնակցում նաեւ ԵԱՀԿ-ի դիտորդները՝ Աշխաբադում էր գտնվում միայն կազմակերպության փոքրաթիվ պատվիրակությունը:

Քվեարկության մեկնարկից մի քանի ժամ անց արդեն անկախ աղբյուրներից տեղեկություններ հայտնվեցին, որ տեղամասերի մի զգալի մասում ընտրական հանձնաժողովները արհեստականորեն բարձրացնում են ընտրողների մասնակցության ցուցանիշը:

Մասնավորապես, Lեբապի շրջանի բնակիչներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, թե տեղամասերում առանձնակի իրարանցում չկա, բայց պաշտոնական տվյալներով, մասնակցության ցուցանիշը տվյալ մարզում 85 տոկոսի էր հասել: «Որեւէ տարբերություն նախորդ ընտրությունների համեմատ ես չեմ տեսնում: Նախապես արդեն պարզ է, թե ով է դառնալու նախագահ», - ասել էր նա:

Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մայքլ Հոլն էլ է պնդում, որ այս ընտրությունները հեռու են ժողովրդավարական լինելուց. - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր թեկնածուները նույն կուսակցությունից են, որ անվտանգության մարմիններն ու ոստիկանությունը ենթարկվում են նախագահի պաշտոնակատարին՝ մենք չենք կարող այս ընտրությունները անվանել ազատ ու արդար»:

Ըստ Թուրքմենստանում տարածված կարծիքի, քվեարկությունից առաջ արդեն իշխանական վերնախավը հստակ քաղաքական որոշում էր կայացրել, որ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու է նախագահի պաշտոնակատար Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը:

Այնուհանդերձ, մեկնաբանների համոզմամբ, միայն այն հանգամանքը, որ 6 թեկնածու էր առաջադրվել ու կազմակերպվել էր քվեարկություն, արդեն իսկ մեկ քայլ առաջ է՝ կատարյալ բռնատիրությունից դեպի դասական ավտորիտարիզմ:

Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրադ Նիյազովը, որը երկիրը ղեկավարում էր 1985 թվականից, իսկ 1999 թվականից իրեն հռչակել էր ցմահ նախագահ, մահացել է 2006 թվականի դեկտեմբերի 21-ին՝ սրտի տագնապից: Խորհրդային Միության փլուզումից հետո Նիյազովի միանձնյա իշխանությունը վերածվել էր անհատի պաշտամունքի: Նրան անվանում էին Թուրքմենբաշի, ինչը թարգմանվում է որպես «բոլոր թուրքմենների առաջնորդ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG