Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյան. - «Թույլ չեմ տա թերթում կոմպրոմիսի գնացող էլեմենտներ առկա լինեն»


«Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կրում է դատարանի սահմանած պատիժը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, որ «թույլ չի տա թերթում որեւէ համաձայնության կամ որեւէ կոմպրոմիսի գնացող էլեմենտներ առկա լինեն»:

«Թերթը ոչ միայն իր ուղղությունը եւ բովանդակությունը չի փոխելու, այլեւ ավելի կտրուկ եւ ավելի սուր քննադատություն է ունենալու Հայաստանի իշխանությունների նկատմամբ» - շարունակեց նա:

Անդրադառնալով վերջին օրերին`լրատվամիջոցների բնորոշմամբ «Ժամանակ-Երեւան»-ի խմբագրությունում տեղի ունեցող «խմորումներին», Բաբաջանյանը նախ շնորհակալություն հայտնեց թերթի պատասխանատու խմբագիր Լիզա Ճաղարյանին, որը, խմբագրի համար «դեռեւս անհայտ պատճառներով», որոշեց թողնել զբաղեցրած պաշտոնը` շարունակելով. - «Թերթը շարունակում է իր բնականոն աշխատանքը»:

Լիզա Ճաղարյանը իր հեռանալու (կամ հեռացման) դրդապատճառների վերաբերյալ երեկ «Ազգ» թերթին ասել էր. - «Թերթը ֆինանսական վատ վիճակի մեջ էր, վերջին ամսում նաեւ լրագրողների աշխատավարձերը պակաս տվեցին: Եվ լրագրող Ավետիս Բաբաջանյանի միջնորդությամբ փորձում էին իշխանությունների մի օղակից փող վերցնել, որին ես կտրականապես դեմ էի, եւ որոշեցին, որ խանգարում եմ իրենց»:

«Թերթը իր ուղղվածությունը փոփոխության չի ենթարկվելու: Պետք է շարունակենք աշխատել, որովհետեւ հիմա նախընտրական շրջանում ենք, եւ թերթը իր անելիքը եւ ասելիքը հաստատ պիտի ունենա», - ասաց Բաբաջանյանը: - «Այն բոլոր հարցազրույցները, լուրերը, թե թերթը վաճառվել է կամ համաձայնության է եկել իշխանությունների հետ, որեւէ հիմք չունեն»:

Դիտարկմանը, թե Լիզա Ճաղարյանն ինքն է հարցազրույցներ տվել, Բաբաջանյանը հակադարձեց. - «Հավանաբար, ի պաշտոնե ես նաեւ իրավասու եմ այս հայտարարությամբ հանդես գալ եւ այդ խոսակցություններին վերջ դնել»:

Ֆինանսական խնդիրներին անդրադառնալով` Բաբաջանյանը հայտարարեց. - «Այդ հարցերը բոլորը հարթված են, եւ այդպիսի խնդիր այլեւս գոյություն չունի»:

Զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանը անցած ամիս Բաբաջանյանին պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման` ընդամենը 6 ամսով կրճատելով առաջին ատյանի դատարանի սահմանած պատժաչափը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG