Մատչելիության հղումներ

Մյունխենում մեկնարկում է համաշխարհային անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա համաժողովը


Այսօր Մյունխենում մեկնարկում է համաշխարհային անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա՝ 43-րդ միջազգային համաժողովը: «Անվտանգության քաղաքականության Դավոս» անվանումը ստացած համաժողովի մասնակիցներն ավանդաբար ամենահեղինակավոր փորձագետներն ու ամենահայտնի քաղաքական գործիչներն են` նախագահներ, նախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Այսօր մեկնարկող հավաքի բացման արարողությանը ներկա են լինելու Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Եռօրյա համաժողովի աշխատանքի առաջին օրը նվիրված է լինելու արեւմտյան երկու հիմնարար կառույցների` Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գործունեությանը, ուստի Մյունխեն են ժամանում նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Խավիեր Սոլանան, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնեցին, որ առաջիկա գիշերը Բավարիայի մայրաքաղաք է ժամանելու նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

43-րդ համաժողովի ընթացքում քննարկվելիք կոնկրետ խնդիրներից արեւմտյան լրատվամիջոցներն առանձնացնում են մերձավորարեւելյան կարգավորումը, Իրանի միջուկային ծրագիրն ու Կոսովոյի հակամարտությունը:

Մյունխեն կատարելիք այցի նախաշեմին գերմանական «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Lավրովը հայտարել է. - «Կոսովոյի խնդրի լուծումը անպայմանորեն նախադեպ է դառնալու, քանի որ հետպատերազմյան շրջանում դա առաջին դեպքը կլինի, երբ անկախությունը կշնորհվի առանց երկկողմ համաձայնության»:

Իրանի միջուկային խնդիրը համաժողովին պատրաստվում են առաջ քաշել իրենք` Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները, ինչի մասին երեկ Մոսկվայում հայտարարել է Իրանի միջուկային հարցերով բանագնաց Ալի Lարիջանին:

Ինչ վերաբերում է մերձավորարեւելյան խնդրի շուրջ նախատեսված քննարկումներին, ապա համաժողովի մեկնարկից հաշվված ժամեր առաջ Lիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորան հայտարարել է, թե չի պատրաստվում մասնակցել մի միջոցառման, որին հրավիրված են նաեւ իսրայելցի պատվիրակները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG