Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կռիվն ավարտվեց հայրական ապտակով», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը երեկ «Սահմանադրական իրավունք» միության գրասենյակում տեղի ունեցած վերաբերյալ:

«Առավոտ»-ը միջադեպին առնչվող նյութը վերնագրել է՝ «Հայրական ապտակ - 2»:

«ՍԻՄ-ի տունը կրկին կռիվ է ընկել», - փոխանցում է «Ժամանակ- Երեւան» թերթի մեկնաբանը՝ նշելով. - «Սահմանադրական իրավունք» միության շուրջ ստեղծված աժիոտաժը այդպես էլ հանգուցալուծում չի ստանում եւ հայտնի չէ, թե որքան ժամանակ կձգվի»:

«Հեղափոխությունը» մերօրյա Հայաստանում շատ արագ վերածվում է եկամտաբեր բիզնեսի», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը՝ պարզաբանելով, որ այդ «բիզնեսը» հատկապես սկսում է ծաղկել խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ իրականացվում են համապատասխան նախագծեր, անցկացվում են ամեն տեսակի սեմինարներ, «կլոր սեղաններ» եւ այլն։ «Այդ ամենի մեջ ներդրվող գումարների ծավալը գնալով մեծանում է. պետք է միայն հասցնել վաստակել», - ընդգծում է թերթը. - «Նման իրավիճակում ցանկացած պրոֆեսիոնալ, անկախ նրանից, թե որ ճամբարում է, միայն մեկ ցանկություն ունի. որ այս ամենը հնարավորինս երկար ձգվի»։ «Ասենք, դրա վերջն առանց այդ էլ չի երեւում։ Քանզի խորհրդարանական ընտրություններին գրեթե անմիջապես կհաջորդի նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլը», - հավելում է «Հայոց Աշխարհ»-ը:

«Առավոտ»-ի տեղեկություններով, Էջմիածնում ձեւավորվում է քաղաքացիական նախաձեռնություն ընդդեմ գեներալ Սեյրան Սարոյանի: Վերջինս, ըստ թերթի, մտադիր է Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձնել հորը, իսկ անձամբ՝ մեծամասնականով պատգամավոր դառնալ Մարտունու շրջանի ընտրատարածքներից մեկում:

«Իրար արժեն» վերնագրի տակ «Առավոտ»-ի խմբագրականն այսօր գնահատել է. - «Ներկայիս իշխանության մասին արդեն ամեն ինչ ասված է. նրանք 9 տարում չեն կարողացել լուծել Ղարաբաղի հարցը, չեն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, փակել են Ա1+ը եւ, շարունակելով իրենց նախորդների վատագույն ավանդույթները, կատարելագործել են ընտրակեղծիքների մեխանիզմն ու կլանային օլիգարխիկ համակարգը»։ «Այս ամենի համար պատասխանատու է նախ եւ առաջ, ինչպես սիրում է պարոն Գեղամյանն ասել, «իշխող զույգը», - գրել է գլխավոր խմբագիրն ու դիտակն ուղղել ընդդիմությանը՝ որակելով. - «Բավական է որեւէ մեկը իրենց մասին ոչ բարենպաստ տեղեկատվություն տարածի, նրանց պատասխանը բուռն ցասումն է` «հա’յ սեւ PR», «հա’յ իշխանության պատվեր» եւ այլն»։ Ընդդիմության վարքագիծը, ըստ խմբագրականի, երկու պատճառ ունի. - «1.Դա սովորական շանտաժ է: 2. Ընդդիմության լիդերները խորապես համոզված են, որ իրենք այնքան կատարյալ են, անաղարտ ու անսխալական, որ նրանց կարող են քննադատել միայն հակառակորդներն ու «չուզողները»»։

«Իրավունք» թերթին «դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ հունվարի 24-ին Սոչիում Պուտինի հետ կայացած զրույցի ժամանակ Քոչարյանն առաջ էր քաշել իր երրորդ ժամկետ ընտրվելու հարցը». - «Պաշտոնական Կրեմլը դեռեւս լռում է, եւ առայժմ անհայտ է Մոսկվայի կարծիքը Քոչարյանի երրորդ ժամկետ նախագահ կարգվելու վերաբերյալ»։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, թեեւ նախապես որոշված էր Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրություններն անցկացնել այս տարվա հունիսին, սակայն, Ղարաբաղի իշխանությունները մտադրություն ունեն դրանք հետաձգել մեկ ամսով։ Այս հանգամանքը, ըստ թերթի, «ուղղակիորեն կապված է Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց արդյունքներից Լեռնային Ղարաբաղի իշխանությունները լուրջ ակնկալիքներ ունեն»։

«Հայք» պարբերականն այսօր գրել է, թե «նախագահականին մոտ կանգնած աղբյուրները արդեն լուրեր են տարածում, թե որոշվել է, որ «մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ազարյանը պետք է հայտարարի, թե իբր համամասնական ընտրակարգով բոլորից շատ ձայն է ստացել «Բարգավաճ Հայաստան»-ը, որի օգտին քվեարկել է ընտրությունների մասնակիցների 38 տոկոսը». - «Հանրապետականները ստանալու են ձայների 31 տոկոսը, ՀՅԴ-ն՝ ընդամենը 9, իսկ «ընդդիմությունը»՝ 8 տոկոսը։ Մյուս կուսակցությունները, պետք է ստանան ընտրողների ձայների 12-14 տոկոսը»։ «Այս վաղաժամ նկարչությունն առաջացրել է հանրապետականների դժգոհությունը, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ԿԸՀ-ի արձանագրությունում փոփոխությունների հասնելու համար», - հավելել է թերթը։

«Ժամանակ-Երեւան» թերթն այսօր գրել է, թե ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը շարունակում է իր «նախընտրական փնտրտուքը»։ Թերթի տեղեկություններով` նա նախընտրական դաշինք կազմելու առաջարկ է արել նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին։ «Եվ քանի որ նման դաշինքի դեպքում առաջանալու էր հարցը, թե ո՞վ է գլխավորելու դաշինքի համամասնական ցուցակը, Վազգեն Մանուկյանը այդ հարցը լուծելու բավականին ինքնատիպ մեթոդ է առաջարկել. նա Դեմիրճյանին առաջարկել է «գիր-ղուշ» գցել եւ այդ կերպ որոշել, թե ո՞վ է գլխավորելու ցուցակը», - գրել է թերթը` հավելելով. - «Մանուկյանի այդ առաջարկը Դեմիրճյանին ուղղակի ապշեցրել է»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG