Մատչելիության հղումներ

Բաքու - Կարս երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը, որը երեկ Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ու Թուրքիայի վարչապետը, ոչ միանշանակ արձագանքի է արժանացել աշխարհում եւ անգամ նախագծի մասնակից Վրաստանում:

«Կովկասյանի ռիսկերը» վերանագրված հոդվածում «Նովիյե իզվեստիա» ռուսաստանյան թերթը գրում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց կապող 105-կիլոմետրանոց երկաթգիծը, որի շինարարությունն ու մասնակի վերակառուցումը ծրագրված է ավարտել երեք տարվա ընթացքում, «նշանակալի վտանգներ է» պարունակում:

Մինչ Վրաստանի կառավարությունը հուսով է, որ «նման կարեւոր ենթակառուցվածքային նախագիծը, ինչպիսին է Կարս -Թբիլիսի - Բաքու երկաթուղին», երկիրը կդարձնի «կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ», հայտնի տնտեսագետ, «Ազգային ֆորում» շարժման հիմնադիրներից Նիկո Օրվելաշվիլին շեշտում է, որ «արդեն սկզբնական փուլում ի հայտ են եկել մի շարք հիմնախնդիրներ, որոնք վտանգում են երկրի ազգային շահերը»:

Ընդունելով, որ Վրաստանը կարիք ունի հիմնականում հայաբնակ Ջավախքի կենտրոն Ախալքալակի եւ Թբիլիսիի միջեւ երկաթուղային կապի վերականգնման, ինչպես նաեւ գիտակցելով դեպի Եվրոպա «երկաթուղային պատուհատ» ունենալու կարեւորությունը Վրաստանի համար, Օրվելաշվիլին, այդուհանդերձ, մտավախություն է հնչեցնում, որ նախագծի իրականացումը կարող է կաթվածահար անել վրացական նավահանգիստների աշխատանքը: Նա փաստարկում է, թե Բաքվից ամեն տարի երկաթուղով Փոթի ու Բաթումի փոխադրվող 18 մլրդ տոննա բեռների 15 մլրդ տոննան (այդքան է կառուցվելիք նոր երկաթուղու թողունակությունը) նոր ճյուղով փոխադրելը «ուժեղ հարված կհասցնի մեր սեփական նավահանգիստներին»:

«Բացի այդ, եթե երկաթուղին լինի մայրուղային, եթե այն թույլ չտա Վրաստանի տնտեսական տարածք ինտեգրել Ջավախքը, ապա դրանով չեն փոխադրվի տեղական նշանակության բեռներ», - շարունակել է Օրվելաշվիլին: - «Այս դեպքում կանխատեսումը խիստ հոռետեսական է. այդ նախագծից Վրաստանը չի ստանա ոչինչ, բացի տեղի հայ բնակչության հետ հարաբերությունները սրելուց»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Թբիլիսի մեկնելու առաջ կայացած ճեպազրույցում ասել էր, թե «Կարս - Ախալքալակ – Թբիլիսի - Բաքու երկաթուղային նախագծի իրականացումը կամրապնդի Թուրքիայի քաղաքական դիրքերը»:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան երեկ հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները ոչ աջակցում եւ ոչ էլ առարկում է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությանը»: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի վարչակազմը ամերիկյան ընկերութուններին արգելել է ֆինանսավորել երկաթուղու շինարարությունը` «դրա յուրահատուկ բնույթի պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG