Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի հասարակական կազմակերպությունները փոփոխություններ են առաջարկում 301-րդ հոդվածում


Թուրքիայի մի խումբ արհմիություններ եւ ոչ կառավարական այլ կազմակերպություններ երկրի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը փոփոխելու առաջարկով այսօր դիմել են կառավարությանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, կազմակերպությունները հոդվածի նոր ձեւակերպում են առաջարկում, որը, նրանց համոզմամբ, հստակ սահմանում է, թե ինչը կարող է համարվել վիրավորանք «թուրքական ինքնությանը» եւ ինչը՝ քննադատություն:

Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով «թուրքական ինքնությունը վիրավորել» արտահայտությունը փոխարինված է «թուրքական ինքնությունը բացահայտ նվաստացնել կամ ծաղրել» արտահայտությամբ:

Կառավարությունը, որը նախկինում բազմիցս վստահեցրել էր, որ պատրաստ է փոփոխել հոդվածը եւ սպասում է հասարակական կազմակերպությունների առաջարկներին, առայժմ չի արձագանքել:

Այնուհանդերձ, թուրքական թերթերը քննադատում են առաջարկվող փոփոխությունները՝ պնդելով, որ դրանք չեն կասեցնի այդ հոդվածի հիման վրա իրականացվող հետապնդումները:

301-րդ հոդվածով դատական հետապնդումներ են իրականացվում Թուրքիայի առաջադեմ մտավորականների եւ լրագրողների նկատմամբ: Այդ հոդվածով դատարանի առջեւ են կանգնել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը եւ գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը, քանի որ հրապարակավ արտահայտվել են 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին:

Հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո 301-րդ հոդվածը վերացնելու պահանջները սաստկացան ինչպես միջազգային հանրության կողմից, այնպես էլ Թուրքիայում:

Սակայն երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է, թե կառավարությունը պատրաստ է փոփոխել հոդվածը, իսկ վերացնել այն մտադիր չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG