Մատչելիության հղումներ

Քննություն է սկսվել Ստամբուլի ոստիկանության պաշտոնյաների դեմ


Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսել Ստամբուլի ոստիկանության պետ Ջելալեթին Չերահի եւ հետախուզության բաժնի նախկին ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերի դեմ՝ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դեմ պատրաստվող մահափորձի սպառնալիքներին պատշաճ կերպով չարձագանքելու համար:

Ինչպես «Ֆրանսպրես» գործակալությանը հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության անանուն պաշտոնյան, Դինքի նախապատրաստվող սպանության մասին զգուշացումների՝ ոստիկանության կողմից անտեսման փաստով հետաքննություն իրականացնող տեսուչները «որոշակի վարչական եւ իրավական թերացումներ են հայտնաբերել այդ երկու պաշտոնյաների մոտ»:

Չերահից եւ Գյուլերից պարզաբանումներ են պահանջվելու այդ եզրակացությունների հետ կապված, ինչից հետո կորոշվի նրանց դեմ իրավական հետաքննություն սկսելու հարցը:

Գյուլերը աշխատանքից ազատվել է այս շաբաթվա սկզբին՝ Դինքի սպանությունը չկանխելու մեղադրանքով:

Հրանտ Դինքը սպանվել է հունվարի 19-ին՝ իր թերթի խմբագրատան դիմաց: Գործով ներկայումս կալանված են 8 կասկածյալներ, բոլորն էլ՝ Տրապիզոնից, այդ թվում՝ սպանությունն իրականացրած 17-ամյա Օգյուն Սամասթը:

Դինքի սպանության հետ կապված պաշտոնանկ են արվել Տրապիզոնի նահանգապետը եւ ոստիկանապետը:

Սամսունում, որտեղ ձերբակալվել էր Սամասթը, աշխատանքից ազատվել են ոստիկանության եւ անվտանգության մարմինների մեկ տասնյակ աշխատակիցներ՝ կապված մարդասպանին հերոսացնող լուսանկարների եւ տեսագրությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG