Մատչելիության հղումներ

Բաշկիրիա արտագնա աշխատանքի մեկնած հայերը բողոքում են իրենց իրավունքների ոտնահարման դեմ


Բաշկիրիայում բողոքի ցույց են կազմակերպել արտագնա աշխատանքի մեկնած հայերը՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները:

Ռուսաստանյան մամուլի վկայությամբ, երեք տասնյակից ավելի հայեր Ախմանայ ավանում ցույցի են դուրս եկել՝ դագաղով, որի վրա գրել են. - «Այստեղ ձեր խոստումներն են եւ արդարության հասնելու մեր հույսերը»:

Դագաղը բարձրացրած՝ նրանք գնացել են Ուֆայի քաղաքամերձ այն վայրերը, որտեղ ապրում է «էլիտան»՝ հարուստները, այդ թվում՝ Բաշկիրիայի պետական ժողովի պատգամավոր Ռաշիդ Մամլեեւը, որը 1988 - 2006 թվականներին եղել է շինարարական մեծ կազմակերպության ղեկավարը:

Հայերը բողոքում են, որ իրենց աշխատանքի դիմաց չեն վարձատրվել, չեն ստացել վերջին 4 տարիների ընթացքում իրենց վաստակած 2 միլիոն ռուբլին: Այդ ընթացքում այդպես էլ չստանալով խոստացված փողը՝ աշխատողներից 3-ը հիվանդանոցում մահացել են:

Արտագնա աշխատանքի մեկնած հայերը չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, ֆինանսական հայցեր ներկայացնել, քանի որ շինարարական մեծ կազմակերպության դուստր ձեռնարկությունները սնանկ են հայտարարվել, իսկ հայերին ձեւակերպել են նման դուստր ձեռնարկությունում:

«Ռոսիյսկայա գազետա» թերթի փոխանցմամբ, շինարարների բրիգադիր Վազգեն Ավագյանը ասել է. - «Մենք կորցրել ենք Մամլեեւի պարկեշտության բոլոր հույսերը: Արդեն չենք հավատում ոչ արդարությանը, ոչ օրենքին, ոչ էլ բարությանը. այսօր մենք թաղեցինք այդ արժեքները»:

Ըստ նույն թերթի, Բաշկիրիայի ներքին գործերի նախարարության հարկային հանցագործությունների վարչության պետը ասել է. - «Շինարարներին աշխատավարձը ավելի հաճախ տալիս են ծրարով: Այդպիսով, աշխատողները գործնականում կորցնում են սոցիալական բոլոր երաշխիքները, նրանց հաճախ խաբում են: Մեր տվյալներով, Բաշկիրիայի ստվերային շրջանառության 90 տոկոսը կազմում են հենց շինարարական կազմակերպությունները»:

Նրա բացատրություններից պարզվում է, որ այդպիսի կազմակերպություններից մեկը գրանցված է եղել կորցրած անձնագրով, ու հենց այդ կազմակերպության դուստր ձեռնարկությունում են աշխատել հայերը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG