Մատչելիության հղումներ

Փարիզում հանդիպել են ավանդական երեք կուսակցությունների ղեկավարները


Փարիզում երեկ հանդիպել են Սփյուռքում գործող երեք հայ ավանդական քաղաքական կուսակցությունների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցությունների ղեկավարներ Հրանտ Մարգարյանը, Սեդրակ Աճեմյանը եւ Մայք Խարաբյանը:

«Գուցե սա դառնա Սփյուռքի քաղաքական ուժերի համախմբման սկիզբ. այս փուլում պարզապես համագործակցության ոլորտներն ենք որոշել, բուն ծրագիրը շուտով կմշակի աշխատանքային խումբը», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նախնական այս հանդիպմամբ Սփյուռքի հայ կուսակցությունների լիդերները՝ աշխարհի այսօրվա վիճակում համագործակցության նոր որակ են կամենում՝ ջանքերը համախմբելու «համահայկական բազմաբնույթ հարցերի շուրջ. Հայ Դատի ու Ցեղասպանության ճանաչման հարցեր, հայանպաստ լոբբիստական աշխատանք, լիբանանահայ համայնքի անվտանգության խնդիրներ»:

Ինչ վերաբերում է ներհայաստանյան հարցերին, Հրանտ Մարգարյանն ասաց, որ յուրաքանչյուր կուսակցություն Հայաստանի ներսում ազատ է իր ինքնուրույն քաղաքականության մեջ, բայց Հայաստան - Թուրքիա հարաբերությունների, Հայ Դատի հետ կապված ընդհանուր կարծիք գոյություն ունի:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG