Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին


«Օրինաց երկիր» կուսակցության վարչության ընդլայնված նիստում երեկ որոշում է ընդունվել միայնակ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ որեւէ ուժի հետ դաշինք չկազմել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարելով այդ մասին` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ դա չի նշանակում, թե կուսակցությունը չի համագործակցելու առողջ ընդդիմադիր ուժերի հետ:

Քանի որ, Բաղդասարյանի խոսքերով, ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու են մի քանի բեւեռներով, «Օրինաց երկիր»-ը եւս մաս կկազմի դրանց:

Լրագրողների դիտարկմանը, թե ինքը մինչ այս մամուլում ասել էր, թե «Օրինաց երկիր»-ի հետ դաշինք կազմելու պատրաստ կուսակցությունները բազմաթիվ են, Բաղդասարյանը արձագանքեց. - «Ես դեմ եմ, որ ընդդիմադիր կուսակցությունները համախմբվեն մեկ թիմի ներքո, որովհետեւ դա իշխանությանը կտա բացառիկ լավ հնարավորություն` հարձակում գործելու ընդդիմադիր այդ բեւեռի դեմ: Ինչ վերաբերում է հիմնավորումներին` արհեստական դաշինքներում խանդը սիրուց ուժեղ է: Ավելի լավ է լինի առողջ համագործակցություն, ավելի լավ է լինի կոնկրետ կետերի, սկզբունքների շուրջ համագործակցություն, քան տարբեր գաղափարներ, տարբեր ծրագրեր ունեցող կուսակցությունները համախմբվեն եւ, ժողովրդի լեզվով ասած` դառնա աջաբսանդալ»:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ը ընտրություններին կմասնակցի ե'ւ համամասնական, ե'ւ մեծամասնական ընտրակարգով: Մեծամասնականով առաջադրվելիք թեկնածուների ցուցակը կհրապարակվի փետրվարի երկրորդ կեսին: Իսկ կուսակցության համամասնական ցուցակում, Բաղդասարյանի փոխանցմամբ, ընդգրկվելու են հիմնականում կուսակցության ներկայացուցիչները. - «Մեր կուսակցության համամասնական ցուցակը լինելու է գերազանցապես կուսակցական ցուցակ, դրանք լինելու են մեր ժողովրդին մի մասը` ծանոթ գործիչներ, որոնց հրապարակային քաղաքական դաշտում գիտեք: Ցուցակը պատրաստ կլինի փետրվարի 20-ից հետո»:

Նախկինում իշխանական, իսկ այսօր ընդդիմություն դարձած «Օրինաց երկիր»-ը, կուսակցության նախագահի ձեւակերպմամբ, խորհրդարան է գնում հետեւյալ նպատակներով. - «Մենք գնում ենք հաղթելու վճռականությամբ եւ բարեփոխումների համար: Մենք պիտի համագործակցենք նախ եւ առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ եւ ուզում ենք, որ ընդդիմությունը ունենա մեծամասնություն: Դրա համար պայքարելու ենք, համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունների հետ»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG