Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի դեմ դատավարությունը շարունակվում է նաեւ նրա մահից հետո


Երեքշաբթի օրը՝ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից գրեթե երեք շաբաթ անց, Ստամբուլի Շիշլի թաղամասի դատարանում վերսկսվել է նրա դեմ դատավարությունը:

Դինքին մեղադրում էին Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:

Ազգայնական փաստաբան Քեմալ Քերինչսիզը եւ այլոք Դինքի դեմ հայց էին հարուցել՝ երեք տարի առաջ հրապարակված նրա հոդվածներից մեկը մեկնաբանելով որպես «թուրքական ինքնությանը հասցված վիրավորանք»: Դինքը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել վեց ամսվա պայմանական ազատազրկման:

Թուրքիայի գերագույն վճռաբեկ դատարանը նույնպես Դինքի հայտարարությունը մեկնաբանել էր որպես «թուրքական ինքնությանը» հասցված վիրավորանք, միաժամանակ բեկանելով ստորին ատյանի դատարանի վճիռը տեխնիկական պատճառներով՝ պնդելով, որ հայց ներկայացրած 15 անձինք չեն կարող հայցվորներ ճանաչվել, քանի որ Դինքի կողմից «վիրավորանքը» ուղղված չէր անձամբ նրանց դեմ:

Երեկ Շիշլիի դատարանը հետեւել է գերագույն դատարանի որոշմանը եւ լուծարել է հայցվոր կողմը:

Միաժամանակ, Turkish Daily News-ի փոխանցմամբ, դատավոր Հաչեր Բայրաքթարը հայտարարել է, թե գրանցամատյանում դեռեւս պաշտոնապես արձանագրված չէ Դինքի մահը, եւ հետաձգել է դատավարությունը մինչեւ հունիսի 14-ը:

Հրանտ Դինքին սպանած 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթը ձերբակալությունից հետո հայտարարել էր, թե իր արարքի շարժառիթը թուրքական արյան «թունավոր» լինելու մասին Դինքի խոսքերն էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG