Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Խորհրդարանի վերջին օրերը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» օրաթերթն այսօր կանխատեսել է. - «Արդեն հաջորդ քառօրյայի ժամանակ միանգամայն հնարավոր են քվորումի ապահովման հետ կապված խնդիրներ, իսկ եւս մեկ ամիս անց խորհրդարանի աշխատանքը լրիվ կկազմալուծվի։ Մոտենում են ընտրությունները, եւ պատգամավորները զբաղված կլինեն շատ ավելի կարեւոր գործերով, քան նիստերին մասնակցելը։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանի ղեկավարությանն անհրաժեշտ է շտապել եւ այս օրերին ընդունել հնարավորինս մեծ թվով օրենքներ»։

Ըստ «Հայկական ժամանակ»-ի լավատեղյակ աղբյուրների, Հայաստանի բանակի 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Սեյրան Սարոյանը օրերս դիմում է ներկայացրել պաշտպանության նախարարին եւ պատրաստվում է դուրս գալ պաշտպանության նախարարության համակարգից: «Սարոյանը պատրաստվում է մեծամասնականով պատգամավորի թեկնածու առաջադրվել Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում: Որոշ տեղեկություններով, նրան սատարելու է ՀՀԿ-ն ՝ այդպիսով «քցելով» նույն ընտրատարածքում առաջադրվել ցանկացող ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին», - գրում է թերթը:

«Տարեգիր»-ը փոխանցում է. - «Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կյանքում վճռական փուլ է սկսվում. արեւի տակ իր տեղը պահպանելու համար նա որոշել է անմնացորդ նվիրվել Սերժ Սարգսյանին եւ դառնալ նրա քարոզիչը»: Հաշվարկը, ըստ թերթի, արված է հետեւյալ նկատառումով. - «Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից հետո, մինչ նախագահի ընտրությունները, հավակնում է նախ եւ առաջ վարչապետի աթոռին: Մեր տեղեկություններով, պաշտպանության ներկայիս նախարարն արդեն սկսել է ապագա կառավարության պորտֆելների բաժանումը, ուր իր տեղն, անշուշտ, կունենա Դավիթ Հարությունյանը, քանի որ վերջինս կաշվից դուրս է գալիս դրան հասնելու համար»:

«Ժամանակ Երեւան»-ը «Հրաշալի եռյակը» վերնագրի ներքո գրում է. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակն արդեն հայտնի է: Ըստ լավատեղյակ աղբյուրի՝ այն գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, երկրորդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, իսկ երրորդը սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանն է»:

«Հայք» պարբերականը այսօր, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, փոխանցել է, թե Ռոբերտ Քոչարյանն արդեն «հաստատել է» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը»։ Ընտրացուցակն, ըստ այդմ, գլխավորելու է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, երկրորդ հորիզոնականում Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն է, իսկ երրորդը՝ Հայաստանի կապի եւ տրասնպորտի փոխնախարար Վարդան Վարդանյանը»։ Թերթը հավելել է, թե «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու է նաեւ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի խնամի, «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր Մուրադ Գուլոյանը։

«Ժամանակ - Երեւան» թերթի տեղեկություններով «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավարներ Վարդան Վարդապետյանը եւ Ստեփան Մարգարյանը հայտնվելու են «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում»։ «Նախագահական ապարատից նրանք «գործուղվել» են ԲՀԿ-ի ցուցակ՝ ի հակակշիռ ՀՀԿ-ի շուրջ հավաքված «Վիրահայերի միության», որի պարագլուխներիցն են ռուսաստանաբնակ Նորիկ Թեւանյանը եւ Վրաստանի Բոլնիսի շրջանում ծնված, սակայն Ախալքալաքը ներկայացնող բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը։ Փաստորեն, իշխանությունները Հայաստանում բնակվող ջավախքցիների ձայները փորձում են «մեջ-մեջ» անել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG