Մատչելիության հղումներ

Հանրապետականներն արգելափակել են Իրաք հավելյալ ուժեր ուղարկելու հարցի քննարկումը Սենատում


Հանրապետականները երկուշաբթի օրը արգելափակել են ԱՄՆ-ի Սենատում այն օրինագծի քննարկումը, որը հավանություն չի տալիս Իրաք 21,5-հազարանոց թվակազմով հավելյալ ուժեր ուղարկելու՝ նախագահ Ջորջ Բուշի ծրագրին:

Նախագիծը պաշտպանում են դեմոկրատների մեծամասնությունը եւ որոշ հանրապետականներ:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, նախագծի քննարկմանը կողմ են քվեարկել 49, դեմ՝ 47 սենատորներ, այնինչ պահանջվում էր 60 կողմ ձայն:

Այդուհանդերձ, դեմոկրատները հայտարարել են, որ Իրաքյան պատերազմի թեմայի քննարկումը Սենատում անխուսափելի է:

«Մենք պետք է հաշվի առնենք նոյեմբերյան ընտրությունների արդյունքները եւ ամերիկացի ժողովրդի ցանկությունը», - ասել է Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռեյդը՝ շեշտելով. - «Նախագահը պետք է հաշվի առնի Կոնգրեսի կարծիքը»:

Հանրապետականները, իրենց հերթին, հերքել են այն պնդումները, թե իրենք փորձում են խոչընդոտել նախագծի քննարկումը` վստահեցնելով, թե իրենք ուզում են, որ քննարկվի նաեւ կառավարող կուսակցության ներկայացրած այլընտրանքային նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG