Մատչելիության հղումներ

Թուրքիայում աշխատանքից ազատվել են անվտանգության պաշտոնյաներ եւ ոստիկաններ


Թուրքիայի անվտանգության ծառայության երկու պաշտոնյաներ այսօր աշխատանքից ազատվել են՝ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին որպես «հերոս» պատկերող լուսանկարների եւ տեսագրությունների կապակցությամբ իրականացվող քննության արդյունքում:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդագրության համաձայն, սեւծովյան Սամսուն քաղաքի իշխանությունները փաստի կապակցությամբ աշխատանքից ազատել են արդեն հինգերորդ ոստիկանին, իսկ ռազմականացված ոստիկանության հինգ աշխատակիցներ տեղափոխվել են այլ աշխատանքի:

Թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ, պաշտոնանկությունները հրահանգել է կառավարության տեսուչը:

Թուրքական մամուլը անցած շաբաթավերջին լուսանկարներ էր տպագրել, որտեղ Օգյուն Սամասթը թուրքական դրոշ է պարզել, իսկ նրա կողքին կանգնած են ոստիկաններ, ոմանք՝ համազգեստով: Սամասթի հետեւում նույնպես թուրքական դրոշով մեծադիր պաստառ է, որի վրա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերն են` «Պետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքին»:

Սամասթին հերոսացնող լուսանկարների ի հայտ գալը Թուրքիայում վերակենդանացրել է տագնապները հանցավոր խմբավորումների հետ գործակցաբար աշխատող «խորքային պետության» առկայության կապակցությամբ:

«Խորքային պետություն» անվան տակ Թուրքիայում հասկանում են կոշտ ազգայնականներին, որոնք ենթադրաբար արմատներ են գցել անվտանգության ուժերում եւ իրենց գաղափարախոսությունը պաշտպանելու համար պատրաստ են ոտնահարել օրենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG