Մատչելիության հղումներ

Բենիտա Ֆերերո-Վալդներ. «Կոսովոն նախադեպ չէ հետխորհրդային չճանաչված հանրապետությունների համար»


Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների կարծիքով, «Կոսովոյի երկրամասը անկախություն ստանալու դեպքում չպետք է նախադեպ ծառայի հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների համար»:

«Ռոսիյսկայա գազետա» թերթի՝ այսօր հրապարակած հարցազրույցում պատասխանելով Կոսովոյից հետո հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների՝ անկախություն պահանջելու հնարավորությանը վերաբերող հարցին, Բենիտա Ֆերերո-Վալդները ասել է. - «Մենք միշտ համարել ենք, որ յուրաքանչյուր դեպք անհատական է: Ձեր նշած բոլոր իրավիճակները ունեն պատմական, քաղաքական եւ տնտեսական տարբեր համատեքստեր»:

«Կոսովոյի հարցով գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, եւ, հետեւաբար, ՄԱԿ-ի հովանու ներքո համաձայնեցված գործընթաց է իրականացվում», - հավելել է դիվանագետը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Բենիտա Ֆերերո-Վալդները հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ահտիսաարին շփման խմբի անդամներին եւ Սերբիայի ու Կոսովոյի իշխանություններին է ներկայացրել Կոսովոյի ապագա կարգավիճակի առնչությամբ իր առաջարկները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվելու են մարտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG