Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 3-ը փետրվարի)


«Ժամանակ Երեւան» օրաթերթն այսպես է նկարագրել Հայաստանի առաջին նախագահին. - «Լեւոն Տեր֊-Պետրոսյանը Հայաստանն անցնցում տարավ դեպի անկախություն, նրա իշխանավարման տարիներին դրվեցին պետականության եւ ժողովրդավարական ինստիտուտների հիմքերը, անցկացվեցին ազատական բարեփոխումներ, իրեն պարտադրված պատերազմից հայկական կողմը հաղթանակած դուրս եկավ, եւ այդ հաղթանակներին զուգահեռ՝ փայլուն դիվանագիտական ձեռքբերումներ արձանագրվեցին»:

«Չորրորդ իշխանություն»֊ը փաստում է. - «Երբ 1998 թվականի փետրվարի 3֊-ի երեկոյան Լեւոն Տեր-֊Պետրոսյանը հեռուստատեսությամբ կարդաց իր հրաժարականի տեքստը, հասարակությունն առանձնապես չհուզվեց: Բաղրամյան պողոտայում ցուցարարներ չհայտնվեցին, Ազատության հրապարակում ժողովուրդ չհավաքվեց»:

«Հայոց Աշխարհ»֊-ը եւ «Հայաստանի Հանրապետություն»֊-ը վերատպել են Հայաստանի պաշտպանության նախարարի ծավալուն հոդվածը, որը երկու օր առաջ զետեղվել էր Բրյուսելում լույս տեսնող «European Voice» շաբաթաթերթում: Սերժ Սարգսյանի հոդվածը ավարտվում է այսպես. - «Եթե Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը, իմ երկիրը աշխարհաքաղաքականորեն ավելի մոտ կլինի Եվրոպային, ինչը բխում է մեր բոլորի շահերից: Հայաստանն արդեն Եվրամիության հետ միասնական շահեր ունի մի շարք խնդիրների վերաբերյալ՝ տարածաշրջանային անվտանգությունից մինչեւ ժողովրդավարական զարգացում: Հանուն Հրանտ Դինքի հիշատակի, եկեք սկսենք խաղաղ երկխոսության գործընթաց, որի հնարավորությունը կարող են տալ միայն բնականոն հարաբերությունները: Սա է այն ճանապարհը, որը մեզ ճիշտ հանգրվանի կհասցնի»:

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Հայք» թերթի թղթակցին ասել է. - «Կարծում եմ, որ կուսակցության անդամ եմ դառնալու, եւ կարծում եմ, որ համամասնական ցուցակում եմ լինելու: Մեկ շաբաթից կասեմ»: Թերթը գրում է. - «Ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Հարությունյանը մինչեւ վերջերս մտադիր էր անդամակցել ՄԱԿ կուսակցությանը: Սակայն օրերս Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ֊-ի նախագահ Գուրգեն Արսենյանին ու ՄԱԿ֊-ի մի քանի անդամների առաջարկել է ընտրություններին ընդգրկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում: Իսկ Դավիթ Հարությունյանին Քոչարյանը որոշել է գործուղել Հանրապետական կուսակցություն: Քոչարյանն այսպես ցանկանում է Հանրապետական կուսակցության ներսում ունենալ իր սեփական թիմը»:

«Հայկական ժամանակ»-ը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը օրերս մեկնել է Մոսկվա. այցը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Թերթի տեղեկություններով՝ այցը կապված է Ղարաբաղի նախագահի պաշտոնում Ղուկասյանի երրորդ անգամ հավանական առաջադրման հետ: Հոդվածագիրը հնարավոր է համարում իրադարձությունների զարգացման երկու տարբերակ. - «Առաջին տարբերակն այն է, որ պաշտոնական Մոսկվան կհասկացնի Ղուկասյանին, թե դեմ չէ նրա առաջադրմանը: Ղուկասյանն էլ գալով Ստեփանակերտ՝ կսկսի ակտիվորեն զբաղվել իր առաջադրման հարցերով»: Իրադարձությունների զարգացման երկրորդ տարբերակը, ըստ հոդվածագրի, այսպիսին է. - «Այն հանգամանքը, որ Ղուկասյանը Մոսկվա է գնացել Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանի հետ, հուշում է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը լիովին համոզված չէ, որ սպասված «դաբրոն» կստանա: Ենթադրենք, Ղուկասյանը Մոսկվայում մերժվում է: Այդ դեպքում նա արդեն սկսում է մշակել մի ծրագիր, որով նախագահ է դարձնում իր համար ձեռնտու մարդուն: Այդպիսի մարդիկ երկուսն են՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը: Այն, որ Սահակյանն է գնացել Ղուկասյանի հետ, թերեւս, նշանակում է, որ նրա շանսերը ավելի մեծ են»:

«Առավոտ»-֊ը տպագրել է իր թղթակցի զրույցը Դավթաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ազատյանի հետ. - «Արտաշես Գեղամյանի մասին ի՞նչ կարծիքի եք: - Գեղամյանին շատ եմ սիրում, շատ լավ մարդ է: - Իսկ Դեմիրճյանի՞ն: - Դեմիրճյանին՝ ավելի շատ: - Իսկ ամենաշատը ո՞ւմ եք սիրում: - Քոչարյանին»:

«168 ժամ»- գրել է. - «Հետաքրքիր է Հայաստանում երեխաներին տրվող անուների վիճակագրությունը: Աղջիկ երեխաներին 2006 թվականի ընթացքում ծնողներն ամենից շատ կնքել են Միլենա անունով: Երկրորդ տեղում Անի անունն է, իսկ, ըստ տարածվածության, նրան հաջորդում է Էլենը: Տղա երեխաների շրջանում ամենամոդայիկ անունը մնում է Նարեկը, հետո գալիս են Դավիթը եւ Էրիկը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG