Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի մերձավորների կողմից մարդասպան էր վարձվել Գագիկ Ծառուկյանին սպանելու համար, ընթացք չի ստանա Գլխավոր դատախազությունում: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

«Երեկ պարոն Գեղամյանը հրավիրվեց Գլխավոր դատախազություն», - ուրբաթ օրը Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստից հետո լրագրողներին փոխանցեց Աղվան Հովսեփյանը: - «Գեղամյանը նշում է, որ ինքը այդ մասին լսել է կողմնակի խոսակցություններից, իր ընտրողների հետ հանդիպելու ժամանակ, սրճարաններում խոսակցություններից... Եվ բացատրությունից չի հետեւում որեւէ տվյալ, որը մեզ հիմք կտա այդ հարցերով զբաղվելու կամ սկսելու նախաքննություն տվյալ հայտարարության շուրջ»:

«Ազատություն» ռադիոկայանի արցին, թե հնարավո՞ր է, որ Գեղամյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսեն`ասենք, զրպարտության մեղադրանքով, քանի որ իբրեւ ենթադրյալ հանցագործության կազմակերպիչների պատգամավորը մատնացույց էր անում պաշտպանության նախարարի ընտանիքը, Հովսեփյանը պատասխանեց. - «Երեւի պարոն Գեղամյանը ունի շատ լավ խորհրդատուներ, իրավաբաններ, [քանի որ] նման հայտարարություն անելու ժամանակ եւ բացատրություն տալու ժամանակ երկու անգամ իր ձեռքով գրել է, որ սա ինքը լսել է տարբեր աղբյուրներից»:

«Զրպարտության համար պատասխանատվության ենթակա է այն անձը, որը ակնհայտ սուտ տեղեկություններ է տալիս: Բացատրությունից երեւում է, ակնհայտ սուտ չեն տեղեկությունները. ինքը չի հնարել, այլ լսել է այստեղից-այնտեղից», - պարզաբանեց Գլխավոր դատախազը:

Կոլեգիայի նիստում այսօր հրապարակված թվերից պարզ է դառնում, որ հանցագործությունները Հայաստանում 2006 թվականին, 2005-ի համեմատությամբ, մոտ 10 տոկոսով ավելացել են:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ավելացել են 142-ով: Եթե 2005-ին կաշառք ստանալու 8 դեպք է արձանագրվել, ապա նախորդ տարի` 22:

Դատախազությունում հավաստիացնում են, որ հանցագործությունների ավելացումը ոչ թե ծանր հանցագործությունների, այլ սեփականության դեմ ուղղված հանցատեսակների հաշվին է տեղի ունեցել:

Մեկնաբանելով հանցագործությունների թվի աճը, Աղվան Հովսեփյանը ասաց, թե ցուցանիշն աճել է նաեւ այն պատճառով, որ, օրինակ, Կենտրոն համայնքի ոստիկանությունում նոր համակարգ է ներդրվել՝ ձայնագրառման մեխանիզմ, ինչի հետեւանքով ոստիկանության հերթապահ մասում ավելացրել է դեպքերի գրանցումը:

«Երեւան քաղաքում համարյա մինիմումի հասցվեց հանցագործությունները թաքցնելու դեպքերը: Եվ սրա շնորհիվ է նաեւ, որ աճ է արձանագրվել», - ասաց Հովսեփյանը:

Գլխավոր դատախազության այսօրվա կոլեգիայում քննարկման առարկա դարձավ նաեւ դատաիրավական համակարգի հետ վատ համագործակցության խնդիրը:

«Դատարանները 2006-ին նշանակել են ակնհայտ մեղմ պատիժներ», - ասաց Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը` հավելելով. - «Մենք դրա հետ չենք հաշտվելու»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG