Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւ է ներկայացվել ամերիկյան Սենատում


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հինգշաբթի օրը բանաձեւի նախագիծ է ներկայացրել, որով դատապարտվում է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:

Ամերիկայի հայկական համագումարից ստացված հաղորդագրության համաձայն, Սենատին ներկայացված նախագիծը նման է երկուշաբթի օրը Ներկայացուցիչների պալատին դեմոկրատ կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլիի ներկայացրած բանաձեւին:

Բայդենի բանաձեւը, դատապարտելով Դինքի սպանությունը, Թուրքիային կոչ է անում կատարել հանցագործության սպառիչ քննություն իրականացնելու խոստումը, իսկ Թուրքիայի ժողովրդին՝ հարգել հանդուրժողականության պատգամը, որը թողել է Դինքը:

Բանաձեւը Թուրքիային հորդորում է պատշաճ քայլեր ձեռնարկել երկրում խոսքի ազատության պաշտպանության ուղղությամբ եւ վերացնել Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որով պատիժ է սահմանված Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ արտահայտվելու համար: Թուրքիային կոչ է արվում նաեւ Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ:

«Հրանտ Դինքը Թուրքիայի հայ համայնքի առաջնորդող ձայն էր եւ մարդու իրավունքների, մամուլի ազատության, ժողովրդավարության հետեւողական պաշտպան», - հայտարարել է սենատոր Բայդենը: - «Նրա սպանությունը ողբերգություն էր: Հրանտի թողած ժառանգությունը արժանի է Սենատի հարգանքին: Նրա սպանությունը գործել է պահանջում»:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է սենատորի նախաձեռնությունը՝ ասելով. - «Այդ սպանությանը հանգեցրած մթնոլորտը պետք է փոխվի՝ սկսելով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերացումից: Ամերիկան պետք է ամեն ինչ անի, որպեսզի Թուրքիայում ազգային փոքրամասնությունները պաշտպանված լինեն»:

Հրանտ Դինքը սպանվել է հունվարի 19-ին: Նախկինում նա քանիցս դատարանի առջեւ էր կանգնել «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով՝ 301-րդ հոդվածով, քանի որ պնդում էր, որ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն է գործադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG