Մատչելիության հղումներ

Բնապահպանները ահազանգող զեկույց են հրապարակելու


Կլիմայի փոփոխություններն ուսումնասիրող անվանի գիտնականներն այսօր Փարիզում հրապարակելու են զեկույց, ըստ որի, «գլոբալ ջերմացումն» առաջիկա տասնամյակների ընթացում, ամենայն հավանականությամբ, հիմնովին փոխելու է երկրագնդի բնապահպանական պատկերը:

1600-էջանոց զեկույցում ամփոփված են ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Կլիմայի փոփոխությունը» ծրագրին մասնակցող հարյուրավոր գիտնականների հետազոտությունները:

Մասնագետները 90 տոկոսով համոզված են, որ համաշխարհային ջերմացման հիմնական պատճառը «ջերմոցային էֆեկտն» է, որը գազի արտանետումների հետեւանք է, այսինքն՝ մարդու գործունեության արդյունք:

Զեկույցի հեղինակների պնդմամբ, այսպես շարունակվելու դեպքում տեղի կունենան կլիմայի դրամատիկ փոփոխություններ, ինչի հետեւանքով, օրինակ, Միջերկրականի տարածաշրջանում կսկսվի երաշտ, ամռան շրջանում այնտեղ գրեթե հնարավոր չի լինի ապրել, ալպյան հանգստավայրերում ձյուն չի լինի, դրանք ավելի շատ կվերածվեն համեմատաբար սառը եղանակով շրջանների, որտեղ կապաստանեն տապին չդիմացող մարդիկ, գետերը կցամաքեն, ծովի մակերեւույթը կբարձրանա, առափնյա տարածքները կհայտնվեն ջրի տակ: Առավել հաճախ տեղի կունենան մրրիկներ եւ բնական այլ աղետներ:

Ցյուրիխի համալսարանի հետազոտական ինստիտուտի մասնագետները մոնիտորինգ են իրականացրել լեռնային շրջաններում, որտեղ ուսումնասիրել են սառցադաշտերի հալվելու երեւույթը:

«Միջին չափի սառցադաշտն ունի 30 - 40 մետր հաստություն, եթե ամեն տարի հալվում է 0,5 կամ 1 մետր սառույց, դժվար չէ գուշակել, որ առաջիկա տասնամյակներում սառցադաշտերը կարող են անհետանալ», - ասել է ինստիտուտի տնօրեն Վիլֆրիդ Հոբրերտին:

Փարիզյան գիտաժողովը կտեւի 4 օր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG