Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ցուցանակը հարց չի լուծում» վերնագրի ներքո «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Հայաստանում «գունավոր հեղափոխություն» չի սպասվում, եթե այդ տերմինի տակ հասկանում ենք «ընտրությունների կեղծում - քաղաքացիների զանգվածային ընդվզում - իշխանափոխություն» շղթան»: «Մեզ մոտ սպասվում է այդ շղթայի միայն առաջին օղակը», - կանխատեսում է «Առավոտ»-ի խմբագիրը եւ պարզաբանում. - «Ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած բռնության՝ զանգվածային ընդվզումը ճնշելու համար: Դա, անշուշտ, այդպես է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ գործը ընդվզման չի հասնի` չնայած բնակչության մեծ մասը խորապես դժգոհ է իր վիճակից: Չկա այն ուժը, որ կարող է այդ ապստամբությունը կազմակերպել։ Արեւմուտքը, այո, կարող է նպաստել իշխանափոխությանը, բայց այն դեպքում, երբ տեսնում է ռեժիմին դիմադրելու լուրջ օջախներ։ Քանի որ նման օջախներ Հայաստանում չկան, զարգացած երկրները գերադասում են գործ ունենալ այն անձանց հետ, որոնք այստեղ հարց են լուծում։ Իսկ թե ովքեր են մեր երկրում հարց լուծում, բոլորին է հայտնի»:

«Հայոց Աշխարհ» թերթի հարցին ի պատասխան, թե «ի՞նչ նախընտրական ռազմավարություն է ընտրել մեր ընդդիմությունը», քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է.- «Ընդդիմությունն ի սկզբանե «խաղագումար է դրել» պարտության վրա՝ հույս ունենալով կորցրածը հետ բերել արդեն ընտրություններից հետո։ Այսինքն՝ հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են եւ փորձել զանգվածային բողոքի ալիք բարձրացնել։ Սա հնարավորություն է տալիս եթե ոչ վերցնել իշխանությունը, ապա գոնե «վերահաստատվել» քաղաքական դաշտում մինչեւ հաջորդ ընտրություններ»։

«Ազգ» թերթի մեկնաբանն այսօր, իր զարմանքը փոխանցելով քաղաքական դաշտի բեւեռների վերաբերյալ, գրել է. - «Ինձ զարմացմում է Հայաստանի ընդդիմությունը, որ ոչ մի նոր բան չի կարողանում մտածել, բացի կողմնացույցի տարբեր կողմերից թելադրվող, արտաքնապես ու բովանդակությամբ տարբեր ձեւաչափերից, որոնց բարձր ու ցածր տոնայնությամբ տարբեր քոռուփուչ կարգախոսները ոչինչ չեն հուշում ժողովրդին, բան չեն ասում նրա սրտին»։ Մեկնաբանի գնահատմամբ` վերստին «զարմացնում են իշխանական կուսակցությունները ներկայացնող կուսակցապետները, բոլոր տեսակի առաջին-երկրորդ-երրորդ դեմքերը, որոնք ամեն օր, վերջին տասը տարում հունը գծած մեկ իներցիայով, ընտրություններին միտված հայտարարություններ են անում, ասենք, դեռ 1986 թվականի ոգով, երբ գիտեինք, որ ասված խոսքի տակ ոչինչ չկա»։

«Ուտիլիզացիա» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ն այսօր փոխանցելով, թե «արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է առաջիկայում անդամակցել Հանրապետական կուսակցությանը եւ տեղ զբաղեցնել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում», բխեցրել է. - «Հարությունյանի` ՀՀԿ-ական դառնալը տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը չի ուզում Հարությունյանին իր ցուցակ մտցնել: Եվ այսօր խնդիրը հետեւյալն է` Քոչարյանի լյուբիմչիկ Հարությունյանին տեղավորել իշխանական որեւէ ուժի ցուցակում: Եվ քանի որ «Բարգավաճ Հայաստան»-ը չի ցանկանում Հարությունյանի պես վարկաբեկված անդամ ունենալ, մնում է նրան գործուղել ՀՀԿ, որը դարձել է իշխանական «ուտիլի» հավաքատեղի»։

«Ինչո՞ւ են հարուստներն աղքատ» վերնագրի տակ «Հայք» պարբերականը, ավարտելով Հայաստանի իշխանության ղեկավար աշխատողների 2005 թվականի գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալների հրապարակումը, գնահատել է.- «Նրանց մեծ մասը, ինչպես եւ սպասվում էր, թաքցրել է իր եկամուտների եւ գույքի իրական չափերը։ Մեր ղեկավարների հայտարարագրերին ծանոթանալուց հետո մեծ ցանկություն առաջացավ մի բարեգործական հիմնադրամ ստեղծել՝ նրանց օգնելու համար։ Մի հանգամանք միայն խանգարում է՝ նրանց հայտարարագրերն ու իրական հարստությունը իրար չեն համապատասխանում։ Մի շարք պատգամավորներ, որոնց հասարակությունը համարում է օլիգարխ, նույնպես ամեն ինչ թաքցրել են»։

Իբրեւ «մութ գործարք» որակելով արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին «Կոնվերս բանկ»-ի վաճառքը` «Չորորդ իշխանություն» թերթն այսօր, մասնավորապես, գրել է, թե «ինչ-որ մի պահից այս բանկը գրավել է ամերիկացիների ուշադրությունը, որոնք պարզել են, որ այս բանկ է մտնում-դուրս գալիս հսկայական քանակությամբ գումար, որոնք արաբական մի շարք երկրների ծագում ունեն»։ Ավելին` թերթը, պնդել է, թե «ամերիկացիները պարզել են, որ այդ գումարները բանկի միջոցով պարզապես «լվացվում են», այսինքն՝ լեգալացվում». - «Իսկ երբ ամերիկացները փորձել են կոնկրետացնել, թե լվացված գումարները ուր են գնում, պարզել են, որ այդ գումարները նստում են մի շարք ահաբեկչական կազմավորումների հետ առնչվող կազմակերպությունների հաշվին։ Նշվում է, որ բանկի միջոցով այդ պահին արդեն լվացվել է 800-ից 900 միլիոն դոլար»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG