Մատչելիության հղումներ

2006֊-ը ամենավտանգավորն է եղել լրագրողների համար


Փարիզում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այսօր հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ աշխարհում մամուլի ազատության մասին:

Կազմակերպությունը նշում է, որ 2006 թվականը վերջին ավելի քան տասը տարիների ընթացքում «ամենամահացուն էր աշխարհի լրագրողների համար». 81 լրատվական աշխատող է մահացել՝ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ, որից 65-ը՝ Իրաքում:

Ըստ զեկույցի, անցյալ տարին անազատության մեջ է անցկացրել 871 լրագրող:

Այս տարվա զեկույցում առանձին անդրադարձների մասում Հայաստանը չկա: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ եվրոպական ու նախկին խորհրդային երկրների մասով պատասխանատու Էլզա Վիդալը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դա չի նշանակում, թե չեն հետեւում Հայաստանում մամուլի ազատության վիճակին կամ այդ առումով Հայաստանում վիճակը կատարյալ է:

«Գրաքննությունն է շատ մեծ, ձերբակալությունների մասին տեղյակ ենք. մյուս տարի, հավանաբար, Հայաստանը կընդգրկվի զեկույցում: Պարզապես այս տարի Ադրբեջանում բռնությունները շատ շատ էին լրագողների հանդեպ, դրա համար Կովկասից այս տարի Ադրբեջանն ենք ընտրել զեկույցում ընդգրկելու համար»,֊ - ասաց Վիդալը:

«Ադրբեջանում վարչակարգը հաճախ է բռնություն ու սպառնալիք գործադրում մամուլի դեմ, եւ երկիրը մամուլի ազատության իր ինդեքսով իջել է դեպի 2006 թվականի ցանկի ամենաստորին մասը»,֊ - ասված է զեկույցում:

Freedom House միջազգային կազմակերպության՝ 2006 թվականի գնահատականներով, մամուլի ազատության տեսակետից Հայաստանը աշխարհի 194 երկրների ցուցակում գրավում է 137-րդ տեղը: Հայաստանի մամուլը արդեն 4 տարի շարունակ գնահատվում է «ոչ ազատ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG