Մատչելիության հղումներ

10 հայաստանցիներից 9-ը համարում են, որ կոռուպցիան Հայաստանում «հիմնախնդիր կամ մեծ հիմնախնդիր» է


Ըստ Transparency International Armenia-ի անցկացրած` կոռուպցիայի հասարակական ընկալմանը վերաբերող հարցման արդյունքների, Հայաստանի 10 քաղաքացիներից 9-ը համարում են, որ կոռուպցիան «հիմնախնդիր կամ մեծ հիմնախնդիր» է` իրավիճակի բարելավման լուծումը տեսնելով ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու մեջ:

«Ինձ ուրախացնում է, որ մարդիկ գիտակցում են ընտրական գործընթացի կարեւորությունը կոռուպցիայի դեմ պայքարում եւ դիտարկում են որպես մի գործիք` իշխանություններին հաշվետու պահելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Transparency International Armenia կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանը: - «Երկրորդը, ավելի շատ մարդիկ են նշել, որ իրենց համար անընդունելի է կաշառակերությունը: Գնահատականներում ընտրական համակարգը նշել են որպես առավել կոռումպացված կառույցներից մեկը, ինչը չի եղել 2002-ում»:

Կոստանյանը նկատի ունի Transparency International Armenia-ի անցկացրած նախորդ` 2002 թվականի ուսումնասիրությունը:

«Մարդիկ անարդյունավետ են համարում իշխանությունների հակակոռուպցիոն գործունեությունը», - շարունակեց նա` հավելելով, որ մարդիկ «բացարձակ իրազեկ չեն» հակակոռուպցիոն կառույցների գործունեության եւ ռազմավարական ծրագրի ընթացքին:

Հարցվածների մեծամասնությունը` 64 տոկոսը, համոզված է, որ կոռուպցիայի մակարդակը աճել է վերջին 3 տարվա ընթացքում, եւ այս կարծիքին հանգած մարդկանց կեսն էլ համոզված է, որ այն աճել է զգալիորեն:

Հարցման արդյունքներով, ամենակոռումպացված ինստիտուտներ են համարվել նախագահը, որին կոռումպացված է համարել հարցվածների 60 տոկոսը, վարչապետը, նախարարները:

Առավել կոռումպացված ոլորտներ են, հարցմամբ ընդգրկվածների կարծիքով, պետավտոտեսչությունը, ընտրական համակարգը, հարկային ծառայությունը:

Պատահական ընտրանքով անցկացված հարցումն ընդգրկել է 1500 տնային տնտեսություններ Հայաստանի 31 քաղաքներում եւ 40 գյուղերում:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 10 անդամներից միայն Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էր արձագանքել «2006 թվականին կոռուպցիայի ընկալումը Հայաստանում» հրապարակման շնորհանդեսի հրավերին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնելով Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի խիստ գնահատականի հետ` Տիգրան Սարգսյանը շեշտեց. - «Համաձայն եմ, որ դա [կոռուպցիան] ամենալուրջ խոչընդոտներից մեկն է մեր երկրի զարգացման: Հենց այդ պատճառով էլ կառավարությունը ստեղծել է այդ հանձնաժողովը: Մի բան ակնհայտ է` լուծումները տրիվիալ չեն: Հեշտ լուծումներ չկան»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG