Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիայի անգլալեզու Turkish Daily News թերթի իր այսօրվա հոդվածում Էմրե Թորոսն իր ասելիքը հիմնավորելու համար հիշեցնում է Հրանտ Դինքի հուղարկավորության պաստառները. «Մենք բոլորս Հրանտ Դինքն ենք», «Մենք բոլորս հայ ենք»:

«Չնայած առաջինը հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի եղավ, բայց երկրորդը, ներառյալ վարչապետ Էրդողանի համար, մերժելի էր», - գրում է հոդվածի հեղինակը՝ շարունակելով. - «Կարծում եմ, «Մենք բոլորս Հրանտն ենք» կարգախոսն ընդունելի եղավ նրա «անհատական, ազատ» բնույթի համար. Դինքը մինչեւ իր վերջին օրը նվիրված ու ազնիվ էր, ինչպես նաեւ հրաշալի անհատ ու գերազանց քաղաքացի: Մեկնաբանություններում բնութագրվում էր հայրենանվեր, երբեմն հղումներ էին արվում նաեւ նրա զինվորական ծառայությանը: Անկասկած, Հրանտի այսպիսի դիմանկարն ընդունելի պատկեր է, եւ մեզանից ամեն մեկը կարող է լինել Հրանտ, խնդիր չկա»,֊ - փաստում է հոդվածագիրը, որը դասախոսում է Անկարայի Աթիլիմ համալսարանում:

«Բայց երբ դու որոշում ես հայ լինել, իրերը գլխիվայր շուռ են գալիս: Որպես հայ դու իսկույն կմեղադրվես դավաճան լինելու մեջ, որը չարամիտ գաղափարներ ունի Թուրքիայի ու թուրքերի դեմ: Ուրեմն, մեկը, ով կրում է «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսը, վտանգավոր կդիտվի, առնվազն` քաղաքացիների զգացմունքներն ալեկոծող», -֊ արձանագրում է նա:

«Հրանտ Դինքի հուղարկավորությանն զգացած այս խոհերին մի պատկեր էլ հավելեմ: Ֆուտբոլ էի նայում շաբաթավերջին: Ֆուտբոլասերներից մեկը, երբ ի հիշատակ Դինքի լռության րոպե էր հայտարարված, բողոքի ձայն բարձրացրեց. - «Մենք բոլորս թուրք ենք»: Կողքին կանգնածները հավանություն չտվեցին, ու նրա կոչը կրկնող չեղավ: Ոչ մի ձայն չարձագանքեց: Այդ լռությունն ինքնին նշանակում էր ասել՝ «Մենք բոլորս հայ ենք»: Հույս ունենանք, որ այս մոտեցումն ավելի կարմատավորվի հասարակության մեջ: Օրվա վերջում հույսը միակն է, որին կարող ենք ապավինել»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG