Մատչելիության հղումներ

Օտարազգիներն իրենց ամենից լավ են զգում Ավստրալիայում


Աշխարհի մարկետինգային ամենահայտնի կառույցներից մեկի` Global Market Insite ընկերության անցկացրած հարցման արդյունքների համաձայն, օտարազգիներն իրենց ամենից լավ են զգում Ավստրալիայում: 15 հազար հարցվածների մեծ մասը աշխարհի ամենահարմարավետ քաղաքի կոչումը շնորհել է Սիդնեյին:

Ավստրալիայի խոշորագույն քաղաքին հաջորդում են Lոնդոնն ու Փարիզը: Առաջին տասնյակում են նաեւ Հռոմը, Նյու Յորքն ու Վաշինգտոնը:

Հայտնի վերլուծաբան Սայմոն Անհոլթը, որն ի մի է բերել հարցման արդյունքները, նշում է,որ քաղաքները գնահատվել են մի շարք հիմնական չափանիշներից ելնելով` աշխարհում ունեցած տնտեսական ու քաղաքական դերակատարությունից մինչեւ կլիման ու տեղաբնակների բնավորության գծերը:

Այս առումով, ըստ Անհոլթի, ավստրալական, եվրոպական ու հյուսիսամերիկյան քաղաքները մրցակցությունից դուրս են:

«Եթե ի մի բերենք այն իմիջը, որ ունեն աշխարհի առաջատար քաղաքները, ապա կարող ենք ասել, որ Փարիզը` ռոմանտիկ զգացմունքների, Միլանը` նրբագեղ ոճի, իսկ Նյու Յորքը` նպատակասլացության խորհրդանիշներ են», - ասում է փորձագետը:

ԱՊՀ-ից Global Market Insite-ի անցկացրած հարցման մեջ միայն երկու քաղաք է ընդգրկվել` Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը, որոնք բավական կոշտ գնահատականներ են ստացել:

Օտարերկրացիների գնահատմամբ՝ Մոսկվան ցուրտ, ձանձրալի ու բավական վտանգավոր քաղաք է: Բիզնես վարելու հեռանկարների առումով Մոսկվան ցուցակում տեղ գտած 60 քաղաքներից 52-րդն է, ենթակառուցվածքների զարգացածությամբ` 54-րդը:

Այս բոլոր ցուցանիշներով Մոսկվան զիջել է Սանկտ Պետերբուրգին, թեեւ, մասնագետների մեծամասնության գնահատմամբ` Ռուսաստանի մայրաքաղաքն անհամեմատ ավելի խնամված է, այստեղ ավելի շատ ֆինանսական միջոցներ են շրջանառվում, եւ կլիման էլ ավելի տանելի է:

Ռուսաստանցի մասնագետների կարծիքով, Մոսկվան պարզապես հերթական անգամ դարձել է իր ոչ այնքան բարվոք իմիջի զոհը:

Մոսկովյան «Վեդոմոստի» գործարար պարբերականը այս առթիվ գրում է. - «Նախեւառաջ, հարկ է բարելավել ոչ թե իմիջը, այլ իրականությունը` ավելացնելով գոնե մատչելի հյուրանոցների ու երկլեզու` ռուսերեն - անգլերեն ցուցանակների թիվը քաղաքում»:

Իր հերթին, գերմանական «Ֆոկուս» հանդեսը խորհուրդներ է հրապարակել, թե ինչ պետք է անի արտասահմանցին՝ գոնե արտաքնապես մոսկվացիներից չտարբերվելու համար: Տարեվերջին լույս տեսած այդ յուրատեսակ ուղեցույցում գերմանացի հոդվածագիրը խորհուրդ է տվել. - «Մոսկովյան փողոցներում եւ հատկապես մետրոյում տեղի-անտեղի մի ժպտացեք, ամեն հարմար առիթ օգտագործեք մարդկանց դեմքին դռները շրխկացնելու համար, իսկ երբ երեկոյան թատրոն գնաք, անպայման ձեզ հետ տարեք բջջային հեռախոսն ու բարձրաձայն խոսեք դրանով»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG