Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ


Ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոունը, Ջո Նոլենբերգը, Բրեդ Շերմանը եւ Թադեուս ՄաքՔոթերը երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատին ներկայացրեցին Հայոց ցեղասպանությունը վերահաստատող թիվ 106 բանաձեւի նախագիծը։

Օրինագիծն արդեն արժանացել է երկու կուսակցությունները ներկայացնող մեծ թվով կոնգրեսականների նախնական հավանությանը։

Բանաձեւը կազմված է նախորդ Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած թիվ 316 բանաձեւի ոգուն համապատասխան եւ կոչ է անում երկրի նախագահին ապահովել, որպեսզի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում, եւ իր ամենամյա ուղերձում մեկուկես միլիոն հայերի սիստեմատիկ ու կազմակերպված բնաջնջումը ճշգրիտ բնորոշել որպես ցեղասպանություն։

Օրինագիծը ներկայացնելուց հետո կոնգրեսականներ Փալոունը, Շիֆը, Նոլենբերգը եւ Ռադանովիչը Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում անցկացրեցին մամլո ասուլիս, որին մասնակցում էին Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ցեղասպանությունը վերապրած Ռոզ Պապոյանը եւ Սիրարփի Խոյանը:

«ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատմական, բարոյական խորը պատճառներ ունի», - հայտարարեց Ադամ Շիֆը։ - «Սակայն ունենք նաեւ ներկայից բխող պատճառներ։ Ինչպե՞ս կարող ենք Դարֆուրում դիմել արդյունավետ քայլերի, եթե չունենք որեւէ ժամանակ որեւէ այլ տեղ իրականացված ցեղասպանությունները դատապարտելու կամք»։

«Կոնգրեսի նոր ղեկավարության օրոք, համոզված եմ, մենք ի վերջո կընդունենք այս որոշումը», - հայտարարեց Շիֆը։

Կոնգրեսական Ռադանովիչը գոհունակություն արտահայտեց այն կապակցությամբ, որ բանաձեւը ներկայացվում է գործընկերների մեծ աջակցության պայմաններում։

«ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն է կրում, որպեսզի անցյալի դասերը երբեք չմոռացվեն՝ անկախ քաղաքական անբարենպաստ պայմաններից ու դրա համար վճարվելիք գնից», - ընդգծեց նա։

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը խոստացան աշխատանքներ տանել երկու կուսակցությունների ղեկավարների հետ, որպեսզի բանաձեւը հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

«Ճանաչելով ցեղասպանությունը՝ մենք կհարգենք Ամերիկայի պատմական արժեքները եւ կհիշեցնենք աշխարհին ժողովրդավարական ու մարդասիրական արժեքների մասին, որոնց վրա է կառուցվել մեր երկիրը», - ասացին նրանք։

Ներկայացուցիչների պալատի երեկվա նիստին ներկա էին Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար անդամներ, ովքեր կազմակերպության անունից շնորհակալություն հայտնեցին բանաձեւը ներկայացրած կոնգրեսականներին եւ ընդգծեցին, որ
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով բազմիցս հանդես եկած՝ Պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիի եւ Պալատի մեծամասնության ղեկավար Սթեյնի Հոյերի աջակցությամբ, այն հաստատելու համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն։

2000 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում վերջին պահին խափանվեց, երբ երկրի նախագահ Բիլ Քլինթոնի ճնշումների տակ Պալատի հանրապետական խոսնակ Դենիս Հասթերթը թույլ չտվեց վերջնական քվեարկություն։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG