Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի տեղեկություններով, օրերս Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հանձնարարություններ է տվել ոստիկանության Երեւան քաղաքի, ինչպես նաեւ մարզային վարչությունների պետերին՝ իրենց վերահսկողության տակ գտնվող վարչական տարածքներում մայիսի 5-30-ը ուժեղացված ծառայություն իրականացնելու համար: «Այս հանձնարարականի համար շարժառիթ են ծառայել մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում, սույն հանձնարարականի վերահսկողությունը դրված է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի վրա, ով հաջողությամբ կասեցրեց 2004 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ «հասարակական կարգի դեմ» խաղաղ ցուցարարների «ոտնձգությունները», - գրում է թերթը:

Նույն թերթին տված հարցազրույցում նախարար Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակին, ասում է, որ «առաջին չորս տեղերում որեւէ փոփոխություն չի լինելու, եւ ինչ-որ բան փոխելու քննարկում չի էլ եղել. առաջին քառյակը նույնն է, որը կար 2003-ին»: «Ե'վ կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը, ե'ւ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ասել են, որ կուսակցության ցուցակում գործարարների եւ ոչ քաղաքական դեմքերի ներկայությունը հասցվելու է նվազագույնի», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

«Արդեն պարզից պարզ է, որ սահմանների բացման ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերն անհամատեղելի են եւ չեն կարող տեղի ունենալ միաժամանակ», - պնդել է այսօր «Տարեգիր» թերթի խմբագրականն ու պարզաբանել. - «Մեր կողմից Ցեղասպանության շուտափույթ ճանաչման պնդումը մշտապես խոչընդոտելու է ինչպես սահմանների բացմանը, այնպես էլ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելուն»: «Դա այսօրվա դրությամբ անցանկալի է ոչ թե Հայաստանի, այլ իբրեւ Հայաստանի բարեկամ հանդես եկող Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ այլ հզորների համար, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է իր իսկ շահերի համեմատ», - գնահատել է խմբագրականն ու բխեցրել. - «Ո՞վ չի հասկանում, որ Ֆրանսիան ու մյուսները որոշել են Թուրքիայի առջեւ վերջնականապես ու ամուր փակել Եվրամիության դարպասները, ընդ որում՝ որոշել են այդ անել հենց Հայաստանի ու հայերիս միջոցով, եւ մենք էլ սիրով ու պատրաստակամությամբ ստանձնել ենք չափազանց վտանգավոր այդ դերակատարությունը»:

«Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով այլեւս կարող է զվարճանալ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը նախօրեին նույնպես արժանացել է դրանով պարգեւատրվելու բախտին», - տեղեկացրել է այսօր «Առավոտ»-ի խմբագրականն ու նկատել. - «Ընդհանրապես, ֆրանսիական այդ շքանշանն ունի բազմաթիվ, այդ թվում նաեւ էկզոտիկ տերեր: «Լեգեոներ» է, օրինակ, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության բռնապետ Ժան Բադել Բոկասսան, որ կայսրական պարտականությունները կատարելիս զբաղվել է նաեւ մարդակերությամբ: Գաղութատիրությունից ազատագրված նորանկախ երկրներում իշխանության են գալիս փոքր «կայսրիկներ», որոնք զգում են, որ «կենտրոնից» իրենց այլեւս ոչ ոք չի ղեկավարում, եւ այդ հողի վրա նրանց մոտ գայլային ախորժակ է բացվում: Մեկը մարդկային միս է ուտում, մյուսները, իրենց նեղություն չտալով ստանալ ժողովրդի քվեն, իրենց «նախագահներ» են հռչակում: Եվ իրենց աթոռների համար պատրաստ են ցանկացած բռնությունների եւ անօրինականությունների»:

«Հայկական ժամանակ»-ը եւս անդրադառնալով Ֆրանսիայի կառավարական բարձրագույն պարգեւը Ալիեւին շնորհելու փաստին, գնահատել է. - «Սա, ըստ էության ՀՀ հերթական արտաքին քաղաքական պարտությունն է։ Մինչեւ վերջերս Ֆրանսիան համարվում էր Հայաստանի ամենահուսալի դաշնակիցը Արեւմուտքում՝ ընդհանրապես, եւ Եվրոպայում՝ մասնավորապես։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի այդ բարձր պարգեւը հետկոմունիստական երկրների ղեկավարներից շնորհվել էր միայն Ռոբերտ Քոչարյանին։ Ալիեւին «Պատվո լեգիոնով» պարգեւատրելով՝ Ֆրանսիան վերացրեց ՀՀ-ի թերեւս վերջին հարաբերական առավելություններից մեկը»։

«Կրթական օպտիմալացումից դեռ ուշքի չեկած գործազրկության խթանման նոր ուրվական է շրջում Հայաստանում», - գրել է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանն ու մանրամասնել. - «Գյուղապետարաններում, թաղապետարաններում, քաղաքապետարաններում բուռն թափով «ստերիլացման» օպերացիա է իրականացվում: Աշխատանքից ազատվում են ոչ հանրապետական, բայց այս կամ այն չափի կարեւոր դիրք զբաղեցնող աշխատողները, որոնք չեն հնազանդվում մտնել սուպերկուսակցության շարքերը կամ պատկանում են այլ կուսակցության: Օպտիմալացումը հասել է նույնիսկ մանկապարտեզներն ու դպրոցները, ուր դայակների մակարդակով հանրապետականացման ակտիվ միջոցառումներ են իրականացվում», - շեշտել է մեկնաբանն ու ամփոփել. - «Այնպես որ, կարճ ժամանակ հետո երեւի, Հայաստանում աշխատանք ունեցող ամեն ոք կուսակցական որեւէ «գաղափարաբանության» պիտի դավանի. հավաքարարի աշխատանք ունենալու համար էլ նախ պիտի մտածես իշխող որեւէ կուսակցության անդամագրվելու մասին»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, Էջմիածնից ընտրված պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով կրկին մասնակցել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին: Թղթակցի հարցին՝ «եթե ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ ձեզ չսատարի, կարո՞ղ է դուրս գաք ՀՀԿ-ից», Հակոբյանը պատասխանում է. - «Չեմ կարող ասել՝ դուրս կգա՞մ, թե՞ ոչ: Բայց այն գաղափարները, որոնք ես ընդունել եմ եւ մտել եմ ՀՀԿ, դրանք, իհարկե, կմնան, պարզապես այդ գաղափարները կրող եւ առաջ տանող մարդկանց նկատմամբ ես կլինեմ մի ուրիշ ձեւի»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG