Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիայում լույս տեսնող «Հյուրիեթ»-֊ը գրում է.֊ «Մինչ բոլորի աչքերն ուղղված են Տրապիզոն, որտեղից է հենց Հրանտ Դինքին սպանողը, անցյալ գիշեր ֆուտբոլային խաղը Տրապիզոնում վերածվեց ազգայնական միջոցառման. 15-֊հազարանոց ֆուտբոլասերներից մոտ երեք հազարը մարզադաշտ էր եկել այսպիսի կարգախոսներով՝ «Մենք թուրք ենք», «Մենք Տրապիզոնից ենք, մենք բոլորս Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն ենք»: Դժվար չէ կռահել, որ սա տրապիզոնցի ծայրահեղականների պատասխանն է Ստամբուլում Հրանտ Դինքին հիշատակի վերջին տուրքը մատուցած կարգախոսների՝ «Մենք բոլորս Հրանտ Դինքն ենք, մենք բոլորս հայ ենք»:

Հայազգի գրող Պիտեր Բալաքյանը երեկ հրապարակած հոդվածում գրում է, որ հայերի ու թուրքերի համար Դինքի սպանությունը մեկ այլ կողմ էլ ունի. Թուրքիայում բռնությունների նոր պատմությունն սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-֊ին 250 հայ մտավորականների ձերբակալությունից, ապա՝ սպանությունից, եւ հիմա, երբ Դինքը միացավ 1915-ի այդ մտավորականների ճակատագրին, նրա սեփական ճակատագիրն արդեն իսկ խիստ կարեւոր է:

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը «Նյու Յորք Թայմս»֊-ում գրում է, թե Հրանտ Դինքի մահը պետք է զարթուցիչ զանգ լինի՝ ցեղասպանության հերքման վերջին փուլը:

Թուրքական «Զաման» թերթը փաստում է.֊ - «Բոլորը՝ լրագրողները, հանրապետության նախագահը, գլխավոր սպայակույտի հրամանատարը, ամենակոպիտ բառերն են գտնում՝ դատապարտելու Հրանտ Դինքի սպանությունը, բայց նրանք չեն տեսնում այն կապը, որ կա նրանց ամենօրյա պաշտոնեական կյանքի, ամենօրյա գրածի, ասածի, արածի եւ Հրանտ Դինքի սպանության միջեւ: Ինչպե՞ս կարող է մեկը դատապարտել նրա սպանությունն ու դեռեւս պաշտպանել 301-րդ անհեթեթ հոդվածը, որը քանի անգամ է Հրանտին քարշ տվել դատարաններ՝ ընդամենն իր կարծիքն արտահայտելու համար»:

«Ինչպե՞ս կարող է մեկը վիճարկել, որ Հայաստանի հետ սահմանը պետք է փակ մնա: Ոմանք սահմանի բացմանը դեմ են Ադրբեջանի տարածքի զավթման պատճառով: Բայց դա ընդամենը պատճառ է՝ միջնորդ չդառնալու եւ արդար լուծում չգտնելու: Նրանք չեն հասկանում, որ հայերին ու մյուս քրիստոնյաներին որպես երկրորդ՝ ցածր դասի վերաբերվելը, հենց այն էր, ինչի դեմ պայքարում էր Հրանտ Դինքը: Ինչպե՞ս կարող է որեւէ մեկը մինչեւ հիմա դեմ լինել, որ քրիստոնյաները սպաներ, գեներալներ ու խորհրդարանի պատգամավորներ դառնան: Ինչպե՞ս կարելի է մինչեւ հիմա թշնամի անվանել բոլոր նրանց, ում կարծիքը 1915-ի հարցում տարբերվում է պաշտոնական տեսակետից: Հրանտի սպանությունից քիչ առաջ էր, որ Սիլվեստր Ստալոնեն էլ թշնամի հայտարարվեց: Նա ընդամենը պաշտպանեց աշխարհի պատմաբանների մեծ մասի տեսակետը, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է եղել»,֊ - գրում է թերթը:

«Թուրքիան ծնեց թե Հրանտ Դինքին, թե այն 17 տարեկանին, որն սպանեց նրան: Սա Թուրքիան է, եւ նրա ապագան կախված է նրանից, թե արդյո՞ք նա ավելի շատ Հրանտ Դինքեր կծնի, թե՞ 17 տարեկան տղաներ, որոնք ատելությունից մարդասպան կդառնան»,֊ - եզրակացնում է թերթը:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG