Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համար ստացվել է ընդամենը մեկ հայտ


Այսօր ժամը 13-ին լրացավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտեր ներկայացնելու ժամկետը: Միակ հայտատուն խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանն է:

«Հանձնաժողովը հունվարի 21-ից մինչեւ այսօր ժամը 13:00 ներառյալ, ըստ մրցութային կարգի, ընդունել է կամ պատրաստ է եղել ընդունել հայտատուների փաստաթղթերը: Ավարտին մենք ունենք միայն մեկ հայտ: Դա Հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի հայտն է», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց մրցութային հանձնաժողովի քարտուղար Իրինա Ղուլինյանը: - «Անկախ հանգամանքից, որ մրցույթին միայն մեկ թեկնածու է հայտ ներկայացրել, ըստ մրցույթի անցկացման կարգի, մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից: Մեկ մասնակցի հայտը քննարկվում է եւ որոշում է կայացվում»:

Իրինա Ղուլինյանը ասաց, որ հանձնաժողովի համար էլ զարմանալի է, որ ստացվել է միայն մեկ հայտ:

Ղուլինյանն ավելացրեց, որ մրցութային հանձնաժողովը հայտերը կամփոփի այսօր, իսկ որոշումը հանձնաժողովը, ըստ կարգի, պիտի կայացնի հաջորդող 10 օրվա ընթացում:

Ալեքսան Հարությունյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ էր ընտրվել 2003 թվականի հունվարի 8-ին, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը հաշվարկվել է 2001 թվականի հունվարի 19-ից` 6 տարով. այդ օրը խորհրդի նախագահ էր ընտրվել Տիգրան Նաղդալյանը, ով 2002 թվականի դեկտեմբերի 28-ին սպանվեց:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG