Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պարգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով, ինչպես ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականն է նշում՝ «երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում մեծ ավանդի համար»:

Երեկ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ տարածաշրջանի զարգացումներին վերաբերող հարցեր:

Ալիեւը Փարիզ մեկնելու նախօրեին Ֆրանսիայում լույս տեսնող «Մոնդ» եւ «Ֆիգարո» հեղինակավոր պարբերականներին տված հարցազրույցներում ասել է, թե «Ադրբեջանը երբեք չի համաձայնի անկախություն տալ Ղարաբաղին»: Նա հայտարարել է, թե «Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով ազատագրել տարածքները»՝ միաժամանակ չբացառելով հարկ եղած դեպքում խնդիրն ուժով լուծելու տարբերակը:

Ալիեւի պատվին տված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում Ժակ Շիրակն ասել է. -«Ֆրանսիան հուսով է, որ եկել է խաղաղության ժամանակը, դրան հասնելու համար հարկ է վերջին քայլն անել»:

Իլհամ Ալիեւին Փարիզ կատարած այցի ընթացքում ուղեկցում են արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը, արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդին Հեյդարովը, Միլի մեջլիսի պատգամավոր Գյուլյար Ահմեդովը, կառավարության անդամներ:

Նախատեսված են Ալիեւի հանդիպումները վարչապետի, Սենատի եւ Ազգային ժողովի խոսնակների, Փարիզի քաղաքապետի եւ այլ պաշտոնյաների հետ:

Վաղը Իլհամ Ալիեւը մեկնում է Լիլ, որտեղ հանդիպելու է անվանի գործարարների հետ: Այցի ընթացքում ստորագրվելու է մեկ հուշագիր եւ մի շարք համաձայնագրեր:

Փետրվարի երկրորդ կեսին Փարիզ է մեկնելու նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա արդեն ստացել է Պատվո լեգեոնի շքանշանը, որը Ֆրանսիայի բարձրագույն պարգեւներից է:

Շքանշանը 1802 թվականին սահմանել է Նապոլեոն Բոնապարտը: Շքանշանի կարգախոսն է՝ «Պատիվ եւ Հայրենիք»: Պատվո լեգեոնի Պալատը եւ թանգարանը գտնվում են Փարիզում՝ Սենայի արեւմտյան ափին 1787 թվականին կառուցված շքեղ շենքում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG