Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները դատապարտում են Հրանտ Դինքի սպանությունը


ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ, դեմոկրատ Ջոզեֆ Քրոուլին Ներկայացուցիչների պալատին ներկայացրել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի նախագիծը:

Օրինագիծը, որին աջակցում են եւս 25 կոնգրեսականներ՝ ինչպես դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ, կոչ է անում Պալատին խստիվ դատապարտել Հրանտ Դինքի սպանությունը, ինչպես նաեւ հորդորել Թուրքիային՝ շարունակել գործի քննությունը, պատշաճ գործողություններ ձեռնարկել երկրում խոսքի ազատությունը պաշտպանելու ուղղությամբ՝ վերացնելով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակավ արտահայտվելու համար:

«Անչափ կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունի Հրանտ Դինքի գազանային սպանությունը դատապարտող այս բանաձեւը եւ ուղերձ հղի, որ Թուրքիան պարտավոր է առանց խտրականության պաշտպանել կրոնական եւ ազգային բոլոր փոքրամասնությունների իրավունքները», - հայտարարել է Քրոուլին: - «Վաղուց ժամանակն է, որպեսզի Թուրքիան վերացնի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը նպաստեց այդ ստոր հանցագործությանը»:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մեկ այլ անդամի՝ Ադամ Շիֆի նախաձեռնությամբ, ամերիկացի 41 օրենսդիրներ Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող նամակ են հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որում կոչ են անում հանցագործության պատշաճ քննություն իրականացնել եւ վերացնել այն պատճառները, որոնք բռնության են հանգեցնում Թուրքիայում:

Կոնգրեսականները հույս են հայտնում, որ Դինքի սպանությունը, ի վերջո, առիթ կդառնա, որպեսզի Թուրքիան վերացնի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որով դատական հետապնդման էր ենթարկվում հայազգի լրագրողը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կազմակերպության անունից երախտագիտություն է հայտնել Ջոզեֆ Քրոուլիին՝ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը ներկայացնելու, եւ Ադամ Շիֆին՝ Էրդողանին հասցեագրված նամակը նախաձեռնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG