Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր գործիչները Մեթյու Բրայզային իրենց տեսակետներն են հայտնել առաջիկա ընտրությունների վերաբերյալ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է ուրբաթ օրը ամերիկյան դեսպանատանը, հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները իրենց տեսակետներն են հայտնել առաջիկա ընտրությունների վերաբերյալ:

«Հիմնականում Մեթյու Բրայզան ցանկանում էր իմանալ ոչ միայն իշխանությունների տեսակետը առաջիկա ընտրությունների, դրանց հավանական ընթացքի, արդյունքների վերաբերյալ, այլ նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչների», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանդիպմանը մասնակցած՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: - «Եվ մենք, ըստ էության, ներկայացրեցինք մեր տեսակետները, որոնք քաջ հայտնի են մեր համաքաղաքացիներին»:

Մասնավորապես, ընդդիմադիր գործիչները շեշտել են, որ «իշխանությունները առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու վերաբերյալ իրենց խոստումները չեն կատարում»:

«Բերեցինք համապատասխան փաստարկներ այդ կապակցությամբ, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք միայն նպաստելու են առաջիկա ընտրություններում կեղծիքներ թույլ տալուն, այն, որ 2005 թվականի համապետական հանրաքվեն կեղծած պաշտոնատար անձինք ոչ միայն պատժված չեն, այլեւ շարունակում են պաշտոնավարել, մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, եւ մի շարք այլ փաստարկներ, որոնց մասին մենք բազմիցս առիթ ունեցել ենք խոսելու», - տեղեկացրեց Արտակ Զեյնալյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG