Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ը, տեղեկացնելով, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի ընտրությունները մայիսի 12-ին անցկացնելու մասին, ենթադրել է. - «Քոչարյանն ընտրությունները մայիսի 13-ին՝ կիրակի օրը չի նշանակել, ըստ երեւույթին վախենալով «դժբախտություն բերող» 13 թվից»:

«Իմ քաղաքապետ դառնալը թասիբի հարց է», - իրեն պատկանող «Մակու» օբյեկտում «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Չարենցավանի նորընտիր քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Փաստելով, որ «հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել»` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. - «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, թուրք ահաբեկիչներն ու դիվանագետները հայերիս դեմ գործում են ձեռք ձեռքի տված։ Ուղղակի Հրանտ Դինքի սպանությունից հետո առաջին պլան էին դուրս եկել դիվանագետները, իսկ այժմ նրանց քաղցր-մեղցր խոսքերի կողքին լսվում են նաեւ ահաբեկիչների սպառնալիքներ: Ստացվում է, որ թուրքերի «փորացավը» նույնն է՝ ԱՄՆ Կոնգրեսում առաջիկայում սպասվող Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկման կասեցումը»։

ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցին հետեւած հայտարարությանն անդրադառնալով` «Առավոտ» թերթն այսօր գնահատել է. - «Այս հայտարարությունը բացարձակապես չի տարբերվում մեկ, երկու կամ հինգ տարի առաջ նրանց կողմից արված մյուս հայտարարություններից: Մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում է, որ առնվազն վերջին զարգացումների համատեքստում միջնորդների վերաբերմունքը բանակցային գործընթացին, գոնե ձեւի համար, պետք է փոքր-ինչ այլ ձեւակերպում ստանար: Ինչ է ստացվում. Քոչարյանը հայտարարում է բանակցությունները մինչեւ ընտրությունների ավարտը փաստացի սառեցնելու մասին, Ալիեւը առավոտից գիշեր խոսում է հողերը հետ խլելու մասին, իսկ այդ ֆոնի վրա համանախագահները շարունակում են «իրենց գոհունակությունը հայտնել»: Համաձայնեք. սա արդեն լուրջ չէ»:

Փորձելով պարզել Հայաստանի տարածքում իրանական հումքով աշխատող նավթավերամշակման գործարան կառուցելու նախագծի քաղաքական շարժառիթը` «Չորրորդ իշխանություն» թերթն այսօր ուրվագծել է. - «Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը գնալով խորանում է, իսկ միջազգային հանրությունը դրան զուգահեռ ուժեղացնում է ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ պահանջելով ղարաբաղյան հարցում զիջումների գնալ»։ «Ընդ որում», նկատել է թերթը, - «Հայաստանում արդեն սկսել են հասկանալ, որ այսպես երկար շարունակվել չի կարող եւ, ինչ-որ պահի Հայաստանը կարող է տեղի տալ Արեւմուտքի ճնշումներին եւ խաղաղության համաձայնագիր ստորագրել, իսկ դա ձեռնտու է բոլորին՝ Ռուսաստանից բացի։ Որովհետեւ, եթե Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի, ապա Ռուսաստանն այստեղ այլեւս անելիք չի ունենա»։ Եվ ահա այս իրավիճակում Ռուսաստանը Մեղրիում նավթավերամշակման գործարան կառուցելու ակնարկներ է անում, որի ասելիքը, ըստ մեկնաբանի հետեւյալն է. - «Հանգիստ մերժեք հակամարտության կարգավորման բոլոր առաջարկները եւ մի վախեցեք, մենք ձեզ մեկուսացման մեջ չենք թողնի։ Միայն թե շարունակեք մնալ մեր ֆորպոստը»։

«Հայկական ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ շաբաթ օրը տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կառույցի նիստ, որի ժամանակ մարզային կառույցի ղեկավար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը հրաժարական է տվել, եւ Հանրապետականի մարզային կառույցի ղեկավար է ընտրվել ներկայիս մարզպետ Արամ Քոչարյանը:

«168 ժամ»-ը, վկայակոչելով «Panarmenian. net»-ին, գրել է, թե «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում ժողով է անցկացրել եւ դասախոսներին զգուշացրել է, որ մինչեւ ընթացիկ տարվա ամառ իրենից աշխատավարձ չակնկալեն։ Իսկ այն դասախոսներին, ովքեր համաձայն չեն եղել այդ պայմանին, «Օրինաց երկիր»-ի նախագահը հորդորել է նույն պահին հեռանալ։ Ըստ հրապարակման, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը 2 տարբերակ քննարկում՝ «կա՛մ Բաղդասարյանին այսպես ասած նեղում են հարկային մարմինները, կա՛մ այդ գումարները Բաղդասարյանին պետք են առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին պատրաստվելու համար»։

Հայաստանի առավել խոշոր 300 հարկատուների` օրերս հրապարակված ցանկին անդրադառնալով` «Իրավունք» թերթի մեկնաբանն այսօր գնահատել է. - «300 խոշոր հարկատուների ցանկը նախ ցույց է տալիս, որ այդպես էլ մեր երկրում ստվերի դեմ նպատակային պայքար չի մղվում: Խոշոր հարկատուների ցանկից տպավորություն է ստեղծվում, որ շատ դեպքերում անգամ ամենաճանաչված հայաստանյան ընկերությունները զբաղվում են այս կամ այն բիզնեսով, որը միայն վնասներ է պատճառում կամ ունի չնչին շահութաբերություն: Մինչդեռ հաճախ այդ «վնասաբեր» ընկերությունների թիկունքին կանգնած են այնպիսի հայտնի անձինք, որոնք, ինչպես ասում են, թաց տեղը պառկողը չեն»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG