Մատչելիության հղումներ

Նախընտրական շրջանում նախագահ Քոչարյանը աշխատելու է «իր համար սովորական, լարված աշխատանքային ժամանակացույցով»


Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի ձեւակերպմամբ` Ռոբերտ Քոչարյանը «որեւէ կերպ կաշկանդված չի լինելու խորհրդարանական ընտրությունների շրջանով, քարոզարշավով եւ պատրաստվում է աշխատել իր համար սովորական, լարված աշխատանքային ժամանակացույցով եւ ռեժիմով»:

«Նույնը ակնկալում է եւ պահանջում է կառավարությունից», - այսօր հրավիրած ասուլիսում հավելեց նախագահի խոսնակը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարելի՞ է արդյոք ենթադրել, որ նախագահը ակտիվ դերակատարություն է ունենալու ընտրությունների շրջանում, Սողոմոնյանը հակադարձեց. - «Նախագահը ակտիվ զբաղվելու է իր գործունեությամբ. կատարելու է այն պարտականությունները, որ իրեն վերապահված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ»:

Իսկ հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը մինչեւ ընտրությունները հրապարակային կարծիք կհայտնի՞ այս կամ այն կուսակցության վերաբերյալ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. - «Ժամանակ առ ժամանակ հրապարակային կարծիք [Ռոբերտ Քոչարյանը] հայտնում է: Ես չեմ կարծում, որ իր կարծիքը անհայտ կմնա հանրությանը: Վստահ եմ, որ հանրությունը կտեղեկանա»:

Պատասխանելով Իրանին սահմանակից Մեղրիում նավթավերամշակման խոշոր գործարանի կառուցմանը [ինչի մասին տեղեկություններ են եղել ռուսաստանյան մամուլում] վերաբերող` «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Վիկտոր Սողոմոնյանը ասաց. - «Դա առայժմ նախագիծ է, առջեւում մեծ աշխատանք կա այդ նախագծի իրականացման հետ կապված»:

Ուրբաթ օրը ռուսաստանյան «Գազպրոմնեֆտ» ընկերության մամլո քարտուղար Նատալյա Վյալկինան «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատել էր, որ ընկերությունը քննարկում է Հայաստանում նավթավերամշակման հսկա գործարանի կառուցման հնարավորությունը:

Փորձագետների կարծիքով, նման գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար: Իսկ հաշվի առնելով անհրաժեշտ տրասպորտային եւ խողովակաշարային համակարգի կառուցումը` եւս 1 մլրդ դոլար:

«Այն գումարները, որոնց մասին գրվել է մամուլում, խիստ չափազանցված են», - հավելեց նա: - «Այժմ չեմ կարող ասել, դեռ հանդիպումներ կան առջեւում երեք երկրների [Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի] ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս պահի դրությամբ, որեւէ հստակ մեխանիզմ հայտնի չէ: Այս պահին կա նման մտադրություն»:

Հարցին, թե արդյո՞ք անցած շաբաթ Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը, Սողոմոնյանը պարզաբանեց, որ դեռեւս խորհրդային տարիներին կատարված հետազոտությունները Հայաստանում ուրանի հանքեր են հայտնաբերել, որոնք ուսումնասիրելու նպատակով ստեղծվելու է համատեղ հանձնաժողով:

«Մի բան այս պահին հստակ է. Հայաստանում ուրան չի հարստացվելու: Եթե ուրանի հանքավայրերը օգտագործվեն, ապա մենք կկարողանանք լրացնել մեր ատոմակայանի համար մեր պաշարները», - ավելացրեց նա:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG