Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 27-ը հունվարի)

«168 ժամ»- գրել է. - «Վաղը Հայաստանի ազգային բանակը կդառնա 15 տարեկան: Անկասկած, բանակի կայացումը նախորդ 15 տարիների ընթացքում մեր ունեցած ամենամեծ նվաճումն է: Ու մենք հենց բանակի շնորհիվ ենք այսօր մեզ պաշտպանված զգում: Ճիշտ է, մեր բանակում դեռեւս շատ են ապօրինություններն ու կոռուպցիան, սակայն բանակը մեր երկրի այն հազվագյուտ կառույցներից է, որով այսօր Հայաստանի քաղաքացին կարող է հպարտանալ»:

«Գոլոս Արմենիի»-֊ի թղթակիցը հարց է ուղղել Հայաստանի նախագահի խորհրդական, գլխավոր զինվորական տեսուչ Գուրգեն Դալիբալթայանին. -֊ «Մենք ունե՞նք հայրենական զենք, որն արտադրվում է այստեղ՝ Հայաստանում»: Գեներալ-֊գնդապետը պատասխանել է. ֊- «Հայաստանում կան համապատասխան գործարաններ: Ճիշտ է, հիմնականում մենք զենքը գնում ենք Ռուսաստանից, որովհետեւ դա էժան է նստում: Այստեղ արտադրելը շատ ավելի թանկ է, քան դրսից բերելը: Բայց Հայաստանում մենք միշտ կարող ենք արտադրել հրաձգային զենք, ականանետներ, մի խոսքով, ամեն ինչ՝ բացի ծանր տեխնիկայից: Այդ առումով անհանգստանալու բան չունենք՝ մենք կարող ենք ինքներս մեզ ապահովել անհրաժեշտ ամեն ինչով»:

«Առավոտ»֊-ը այսպես է ներկայացրել Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին. ֊- «Չլիներ նրա խիզախությունն ու նվիրվածությունը, չէին լինի մեր հաղթանակները, մասնավորապես, Մարտակերտի ճակատում: Խիզախության համար մարդուն շքանշաններ են տալիս, նրա մասին երգեր են հորինում, նրա արձաններն են դնում՝ դրան Մանվելը, անշուշտ, արժանի է: Բայց խիզախության համար մարդուն չեն տալիս գեներալի կոչում, փոխնախարարի պաշտոն եւ, առավել եւս, տնտեսական հսկայական լծակներ: Մանավանդ այն պարագայում, երբ նրա նման հազարավոր հերոսներ մուրացկանությամբ են զբաղված: Այդպիսով հերոսը դարձել է պատուհաս՝ Էջմիածնի եւ շրջակա գյուղերի համար»:

«Հայք»-ին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ֊-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան ուրբաթ օրը Երեւանում հանդիպել է մի շարք ընդդիմադիր գործիչների հետ: Ըստ թերթի աղբյուրների՝ այդ հանդիպմանը մասնակցել են ՀՀՇ-֊ի վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, ԱԺՄ֊-ի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

«Ժամանակ Երեւան»-ը գրել է. - «Պաշտոնաթող լինելու եւ Դաշնակցության շարքում քաղաքականությամբ զբաղվելու մասին Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը Հայաստանի ներիշխանական դաշտում սկսում է ուրվագծել զարգացումների մի որոշակի հաջորդականություն, որի տրամաբանությունը, կարծես թե, հետեւյալն է՝ պաշտպանության փոխնախարար Աղաբեկյանը հրաժարական է տալիս, ընդգրկվում է Դաշնակցության ցուցակում, Դաշնակցությանը խոստացվում է պաշտպանության նախարարի պորտֆելը, իսկ Դաշնակցությունը խոստանում է ընդդիմություն չդառնալ, այլ ընդդիմություն խաղալ, իսկ իրականում աջակցել Սերժ Սարգսյանի վարչապետական, իսկ հետո էլ նախագահական հավակնությունների իրականացմանը»:

«Ազգային անվտանգության ծառայությո՞ւն, թե՞ ազգային վտանգավոր ծառայություն»՝ այս վերնագրի ներքո «Չորրորդ իշխանություն»֊ը գրել է . - «Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը, նույն ինքը՝ Կրակեմ Հրաչը, օլիգարխների հետ «կիսովի» բիզնես գործունեություն է ծավալում: Նա Ամիրյան փողոցի հենց սկզբնամասում՝ արտգործնախարարության շենքի հետեւը, «էլիտարաշինությամբ» է զբաղվում, դրա համար էլ Ազգային անվտանգության ծառայության գործունեությունն իրեն այնքան էլ չի մտահոգում: Ասում են, որ նա իր շենքերը կառուցում է ամենաթանկ շինանյութեր գնելով, որոնք առատորեն տարվում են «դեպքի վայր»: Բանվորներն էլ չեն դժգոհում՝ իրենց փող տալիս է: Մնում է պարզել, թե որտեղի՞ց են նրան այդ փողերը, որ առատորեն շռայլում է Երեւանը «էլիտարացնելու» համար: Համենայնդեպս Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դժգոհում են, որ իրենց աշխատավարձն այնքան էլ բարձր չէ»:

«Հայոց Աշխարհ»-֊ի մեկնաբանը իր ընթերցողներին մի անսովոր առաջարկ է արել. -֊ «Առաջարկում եմ գրազ գալ: Թող որեւէ հարգարժան սոցիոլոգ ընդամենը մեկ հարց տա մեր համաքաղաքացիներին. համարո՞ւմ եք արդյոք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են էականորեն փոխել ձեր ընտանիքի կյանքը: Եթե «այո» պատասխանողների թիվը 10 տոկոսից ավելի լինի, ապա պատրաստ եմ ուտել «Հայոց Աշխարհ»֊-ի ողջ տպաքանակը [3500 օրինակ]»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG