Մատչելիության հղումներ

logo-print

Հակոբ Շահգալդյանը ընտրվեց Չարենցավանի քաղաքապետ


Կիրակի օրը Չարենցավանում անցկացված քաղաքապետի ընտրություններում քվեարկված միակ թեկնածուն` Հակոբ Շահգալդյանը, հաղթեց: Նախնական տվյալներով, նրա օգտին ձայն է տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների շուրջ 90 տոկոսը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աղվան Ղուկասյանը, քաղաքում ընտրողների ընդհանուր թվից՝ 20453, քվեարկությանը մասնակցել են 8391-ը, որոնցից Հակոբ Շահգալդյանի օգտին են քվեարկել 7185-ը, դեմ՝ 892-ը, անվավեր է ճանաչվել 314 քվեաթերթիկ: Ընտրատարածքի 12 տեղամասերում անճշտությունների թիվը 4 է:

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի խոսքերով, դժգոհություններ, բողոքներ, ահազանգեր չեն ստացվել. - «Կարելի է արձանագրել, որ ընտրությունները անցել են թափանցիկ»: Բողոք - դիմումներ ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետից հետո վերջնական ամփոփ արձանագրություն է կազմվելու եւ ներկայացվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Կոտայքի մարզը ղեկավարում է Հակոբ Շահգալդյանի հայրը` հանրապետական Կովալենկո Շահգալդյանը, նույն ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սամվել Շահգալդյանը մարզպետի եղբայրն է: Չարենցավանի նորընտիր քաղաքապետը անկուսակցական է:

Ընտրություններում առաջադրվել էր նաեւ Միավորված աշխատանքային կուսակցության Չարենցավանի կազմակերպության ղեկավար Արթուր Գալստյանը, որը, սակայն, ինքնաբացարկի համար սահմանված ժամկետի վերջին օրը` հունվարի 18-ի երեկոյան, ինքնաբացարկ հայտարարեց:

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում նախկին թեկնածուն իր ինքնաբացարկը այսպես էր հիմնավորել. - «Ես զգացի, որ քաղաքում բախումներ են հնարավոր՝ արդեն նման տրամադրություններ էին զգացվում, երկու թիմերը դուրս էին եկել միմյանց դեմ: Զգալով դա, զգալով, որ մթնոլորտը թեժանում է եւ ես ոչինչ չեմ կարող անել՝ դիմեցի մեր կուսակցությանը, կուսակցությունն էլ որոշում ընդունեց հրաժարվել թեկնածությունից»:

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը տեղամասային ընտրական հանձնաժողովներից հետ էր կանչել իր ներկայացուցիչներին: Կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց քայլը այսպես հիմնավորեց. - «Ամեն ինչ արվեց, որ ընտրությունն անցկացվի մեկ թեկնածուով, բացի այդ`ամենակեղտոտ տեխնոլոգիաներն են ընտրարշավում կիրառվել, այսինքն, ըստ էության, Կոտայքի մարզի ամենաազդեցիկ կլաններից մեկը Չարենցավանը սեփականաշնորհելու խնդիր է լուծում, ուստի ընդդիմության անդամի մասնակցությունն այս պրոցեսին անիմաստ է դառնում, դրա համար էլ որոշել ենք եւ այդ մասին հայտարարել ենք»:

«Ի՞նչ նկատի ունեք` «նախընտրական կեղտոտ տեխնոլոգիաներ» ասելով», - այս հարցին Սուրենյանցը պատասխանեց. - «Համոզված ենք, որ իշխանությունը իր բոլոր լծակներով մյուս թեկնածուի վրա ազդել է, որ ընտրարշավից դուրս գա, ինֆորմացիա ունենք, որ մարզպետի կողմնակիցները հասարակությանը «գնելու» ակտիվ քաղաքականություն են վարել, իսկ մեկ թեկնածուով ընտրությունն արդեն ընտրությունների գաղափարը դեգրադացնում է, այլասերում է ընտրությունների ինստիտուտը»:

«Այսինքն, այդ մարզում իշխող կլանն ամեն ինչ արեց, որ ընտրությունը մեկ թեկնածուով լինի. սրանից մեծ այլասերում ընտրությունների ինստիտուտի` հնարավոր չէ պատկերացնել», - ամփոփեց ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG