Մատչելիության հղումներ

logo-print

Դավոսի համաժողովը ավարտվեց լավատեսություն ներշնչող մթնոլորտում


Տարվա կարեւորագույն միջազգային հավաքներից մեկը՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը, կիրակի օրը ավարտվել է լավատեսություն ներշնչող մթնոլորտում: DPA գործակալության փոխանցմամբ, համաժողովի մասնակիցները հայտարարել են, որ աստիճանաբար առաջխաղացում է գրանցվում հրատապ ամենատարբեր բնագավառներում՝ Մերձավոր Արեւելքի հակամարտությունների կարգավորումից մինչեւ բնապահպանություն եւ համաշխարհային առեւտրի ազատականացում:

Դավոսի հնգօրյա հավաքին այս տարի մասնակցել է ինը տասնյակ երկրից ժամանած շուրջ 2,4 հազար ներկայացուցիչ, այդ թվում՝ 24 նախագահ եւ վարչապետ, 85 նախարար, կրոնական առաջնորդներ, մամուլի եւ հասարակական կազմակերպությունների առաջատար գործիչներ, անվանի գործարարներ:

Հարավային Կովկասի տարածաշրջանից համաշխարհային ամենամյա հավաքին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ուրբաթ օրը նա Դավոսում հավաստիացրել է, որ Ադրբեջանը նավթային հարստությունից ստացած եկամուտն օգտագործում է բնակչության սոցիալական վիճակը բարելավելու համար:

«Համոզված եմ, որ Ադրբեջանն ունի անհրաժեշտ հնարավորություններ՝ չդառնալու համար մի երկիր, որի զարգացումը բացառապես կախված է նավթի գներից», - ասել է Ալիեւը:

Համաշխարհային առեւտրում ազատականացում ապահովելու հարցի շուրջ բանակցությունները, այսպես կոչված՝ «Դոհայի գործընթացը», կես տարի առաջ ձախողվել էին: Դավոսի համաժողովի մասնակիցները փորձնական համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով վերականգնել բանակցությունները:

Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Պասկալ Լամին Դավոսում ասել է, որ «Դոհայի գործընթացը շարունակվում է, եւ մոտ 8 ամիս անց ամբողջական համաձայնագիրը պատրաստ կլինի»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG