Մատչելիության հղումներ

Կոսովոյին կառաջարկվի «սահմանափակ անկախություն»


Վիեննայում այսօր տեղի է ունեցել Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Մարտի Ահտիսաարիի եւ Շփման խմբի՝ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ներկայացուցիչների, դռնփակ հանդիպումը: Փետրվարի 2-ին Ահտիսաարին իր կազմած ծրագիրը պետք է ներկայացնի Սերբիային եւ Ալբանիային:

Արդեն հայտնի են ծրագրի հիմնադրույթները: Ենթադրվում է, որ Կոսովոյին կառաջարկվի այսպես կոչված «սահմանափակ անկախություն»: Կոսովոն կունենա բանակ, կստանա միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ին, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին անդամակցելու իրավունք, կունենա կառավարություն, որը զբաղվելու է ընթացիկ գործադիր աշխատանքով: Կոսովոյի բնակիչները կստանան երկքաղաքացիության իրավունք:

Միջազգային իրավունքի առումով դա լիակատար անկախություն դեռ չի լինի, որովհետեւ Կոսովոյում կաշխատի օտարերկրացի, որի պաշտոնի նախնական անունն է «միջազգային քաղաքացիական ներկայացուցիչ»: Նա կունենա հարկ եղած դեպքում Կոսովոյի պաշտոնյաներին աշխատանքից ազատելու, նշանակելու, օրենսդիր ակտերը վերանայելու լիազորություն:

Ըստ «Վաշինգթոն Փոստ» օրաթերթի մեկնաբան Ջեֆրի Սմիթի, Մարտի Ահտիսաարին առաջարկում է այդ պաշտոնում նշանակել հոլանդացի դիվանագետ Պետեր Ֆեյթին: Վերջինիս տեղակալը կլինի ԱՄՆ-ից:

Դրանից զատ Կոսովոյում կաշխատի մեկ այլ միջազգային կառույց՝ «օրենքի կառավարում» մոնիտորինգային առաքելությունը, որը գործելու է Եվրոպական միության հսկողության ներքո:

Ահտիսաարիի ծրագրում կամրագրվի, որ ալբանացիները պարտավորվում են ամբողջությամբ երաշխավորել սերբական փոքրամասնության իրավունքները:

Կոսովոյի շուրջ 100 հազար սերբերին կշնորհվի ընդարձակ ինքնակառավարում եւ Բելգրադի հետ ուղիղ կապեր հաստատելու իրավունք: Սերբիան կստանա Կոսովոյի սերբական տարածքները ֆինանսավորելու իրավունք` պայմանով, որ ֆինանսական փոխանցումները իրականացվեն Պրիշտինայի միջոցով: «Պաշտպանված գոտի» կհամարվեն այն տարածքները, որտեղ կան սերբական ուղղափառ եկեղեցիներ եւ պատմական նշանակության այլ կառույցներ: Կնշվի նաեւ, որ Կոսովոն պարտավորվում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Սերբիայի եւ այլ հարեւանների հետ:

Կոսովոյի հաշվին կամրագրվեն նախկին Հարավսլավիայից եւ Սերբիայից Կոսովոյին հասանելիք տնտեսական գույքը, արժեթղթերը, ինչպես նաեւ պարտքերը:

ՆԱՏ0-ի զորքի տեղակայումը կշարունակվի առնվազն մինչեւ 2008 թվականը: Խաղաղապահներն աստիճանաբար դուրս կհանվեն: Ենթադրվում է, որ զորքն ամբողջությամբ դուրս կբերվի, եթե Կոսովոն այս ընթացքում միանա Եվրամիությանը եւ ՆԱՏ0-ին:

Մարտի Ահտիսաարիի ծրագիրը կիրագործվի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության դեպքում, ինչի համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի համաձայնությունը:

Սերբերի մեծամասնությունը, բնականաբար, դեմ է ծրագրին: Բելգրադին աջակցում է Մոսկվան: «Ռոյթերզ»-֊ի փոխանցմամբ, շփման խմբում Ռուսաստանի ներկայացուցիչն այսօր Վիեննայում առաջարկել է ՄԱԿ-ի ծրագրի հրապարակումը հետաձգել մինչեւ Սերբիայում կառավարություն կազմելը: Սերբիայում անցած շաբաթ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական առումով տակավին անորոշ կացություն է տիրում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, որ Կոսովոյի խնդրի լուծումն այժմ կախված է այն բանից, թե ինչպես Պրիշտինան եւ Բելգրադը կարձագանքեն Ահտիսաարիի ծրագրին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովը:

«Ռոյթերզ»-֊ը վկայակոչել է մի անանուն դիվանագետի, որն ասել է. - «Վիեննայում այսօր շատ բարդ հանդիպում էր: Ռուսները շատ թերահավատ են այս ծրագրի վերաբերյալ: Երբեւէ չեմ տեսել կվինտետը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա) այսքան միավորված»:

BBC-ի մեկնաբանը վկայակոչել է անանուն մեկ այլ դիվանագետի, որի խոսքերով, «Սերբիան դեմ է ծրագրին, սակայն ստիպված կլինի պարզապես համակերպվել Կոսովոյի անկախացման հետ»:

Կոսովոյի վարչապետ Ագիմ Չեկուն այսօր Պրիշտինայում ասել է, որ ալբանացիները կտրականապես դեմ են ծրագրի հետաձգմանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG