Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ի նոր նախագահը Միշել Պլատինին է


Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի այսօրվա նիստում ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել ֆրանսիացի Միշել Պլատինին` քվեարկության արդյունքներով առաջ անցնելով նախկին նախագահ, շվեդ Լենարտ Յոհանսոնից: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Պլատինին ազգային հավաքականի ավագն էր 1984 թվականին, երբ Ֆրանսիան նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Երեք տարի շարունակ` 1983 – 85 թվականներին նա ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի նորընտիր նախագահը, Ռուբեն Հայրապետյանի փոխանցմամբ, ընտրությունից հետո ունեցած իր ելույթում ասել է, որ առաջիկայում առավել մեծ ուշադրություն է հատկացնելու հատկապես թույլ զարգացած ֆուտբոլային երկրներին:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հնարավոր հանդիպմանը, որի ժամանակ ենթադրվում էր ճշտել «Եվրո-2008»-ի ընտրական փուլում երկու երկրների միջեւ կայանալիք հանդիպման վայրը, ՀՖՖ-ի նախագահն ասել է, թե այդպիսի հանդիպում նախատեսված չէ: Ռուբեն Հայրապետյանի փոխանցմամբ, այդ հարցը կորոշվի ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի Ֆեդերացիաների մի քանի հանդիպումներն այդպես էլ արդյունք չեն տվել:

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ իրենց երկրում հանդիպումն անցկացնելու դեպքում չի կարող անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանի հավաքականին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG