Մատչելիության հղումներ

logo-print

«ՀՄՀ - Հայաստան» ծրագիրը ստացավ երկրորդ ֆինանսական հատկացման առաջին մասնաբաժինը


Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ին (ՀՄՀ - Հայաստան) է փոխանցել երկրորդ ֆինանսական հատկացման առաջին մասնաբաժինը` 1 միլիոն 456 հազար 112 դոլար: Երկրորդ մասնաբաժինը, որը կազմում է 270 հազար 800 դոլար, նախատեսվում է եկող ամիս:

ՀՄԿ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված համաձայնագրով նախատեսված վճարային հատկացումները հաստատվում են եռամսյակային կտրվածքով եւ ամսական կտրվածքով փոխանցվում են «ՀՄՀ - Հայաստան»-ի բանկային հաշվին:

«ՀՄՀ - Հայաստան»-ի մամլո ծառայության փոխանցմամբ, գումարը հիմնականում ուղղվելու է 2007 թվականի հունվար ամսին «ՀՄՀ - Հայաստան»-ի կնքած պայմանագրերի իրականացմանը:

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում պայմանագիր է կնքվել Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հետ, որով նախատեսվում է, որ ԱՎԾ-ն հարցումների միջոցով «ՀՄՀ - Հայաստան»-ին տվյալներ կտրամադրի տնային տնտեսությունների, գյուղական աղքատության մակարդակի, եկամուտների փոփոխությունների եւ «ՀՄՀ - Հայաստան» ծրագրի իրագործումից մարդկանց բավարարվածության վերաբերյալ:

Կնքված երկրորդ պայմանագիրը «Հայավտոճան»-ի հետ է, որն իրականացնելու է գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի վերահսկողությունը:

Ֆինանսական այս հատկացման մի մասն էլ ուղղվելու է «ՀՄՀ - Հայաստան»-ի Ջրից դեպի շուկա բաղադրիչի կապալառու կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի իրականացմանը, որը նախատեսվում է ստորագրել այս ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG