Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 2007-ին ռազմական գործողություններ կսկսի՞ Հայաստանի դեմ


«Դժվար է այժմ ասել՝ կսկսի՞ արդյոք Բաքուն 2007 թվականին ակտիվ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ՝ ազատագրելու նրա վերահսկած վիճելի տարածքները, սակայն Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը անուղղակիորեն վկայում է, որ դա միանգամայն կարող է տեղի ունենալ», - գրել է ռուսաստանյան «Վոեննո-պրոմիշլեննի կուրիեր» պարբերականը:

Թերթը մատնանշում է ԱՊՀ-ի երկրների ռազմական ծախսերի աննախադեպ աճը 2006 թվականին՝ ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ «ԱՊՀ-ի անդամ բոլոր անդրկովկասյան երկրները առաջատարներ են 2007 թվականի համար նախատեսվող ռազմական ծախսերի գծով՝ թե բացարձակ եւ թե հարաբերական արտահայտությամբ»:

Այս առումով բացարձակ առաջատարը Հարավային Կովկասի երկրների թվում, ըստ պարբերականի, Ադրբեջանն է, որը գրեթե կրկնապատկել է իր ռազմական բյուջեն՝ հասցնելով այն մեկ միլիարդ դոլարի:

«Գրեթե 87 տոկոսով աճել է Հայաստանի ռազմական բյուջեն», - գրում է թերթը: - «Ընդ որում, հաշվի չեն առնված ծախսերը Լեռնային Ղարաբաղի ռազմական կարիքների համար, որը Ադրբեջանի հետ զինված դիմակայության պայմաններում ռազմական կարիքների համար ծախսում է իր բյուջեի զգալի մասը»:

Իսկ ընդհանուր առմամբ անցած տարում, ըստ «Վոեննո-պրոմիշլեննի կուրիեր»-ի, ԱՊՀ-ի անդամ երկրները 2005 թվականի համեմատ 21 տոկոսով ավելի են ծախսել պաշտպանական կարիքների համար: Այստեղ բացարձակ առաջատարը Վրաստանն է, որի ռազմական ծախսերը աճել են 5 անգամ՝ 77 միլիոն դոլարից հասնելով 341 միլիոնի:

«Նման աննախադեպ ծախսերը չէին կարող չանդրադառնալ Վրաստանի գործողությունների վրա, որը անցյալ տարվա ամռանը, փաստորեն, Աբխազիայի Կոդորի կիրճի վերին հատվածի օկուպացիա իրականացրեց», - գրում է ռուսաստանյան պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG