Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «2007-ից Հայաստանի ընտրությունների պատմության մեջ սկսվելու է նոր էտապ. այն միջոցառումը, որը «ընտրություններ» է կոչվում, վեր է ածվելու շարքային առեւտրա-բյուրոկրատական գործընթացի»: Թերթը դա պարզաբանում է Չարենցավանի քաղաքապետի ընտրությունների օրինակով. - «Գալիք կիրակի ոչ մի լցոնում, ոչ մի կրակոց, ոչ մի կարուսել, ոչ մի բռնություն էլ չի լինի: Ավելին՝ չի լինի նաեւ թվանկարչություն: Մարզում իշխող կլանի ներկայացուցիչները ավտոբուսներով ընտրական տեղամասեր կբերեն այն ընտրողներին, ում վաղօրոք կաշառել են, վերջիններս սուսուփուս, առանց որեւէ ճնշման քաղաքապետ կդարձնեն վերոհիշյալ կլանի «արքայազնին»՝ մարզպետի ժառանգին»: «Ահա այն մոդելը, որով անց են կացվելու առաջիկա ԱԺ ընտրությունները», - գրում է «Առավոտ»-ը:

«Իրավունք»-ը «Ներիշխանական խաղեր՝ ընտրությունների շուրջ» վերնագրի ներքո գրում է. - «Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած «Իրավունք»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ երկարատեւ քննարկումներից հետո ՀՀԿ խորհրդի նախագահը կուսակցության նախընտրական շտաբի պետ է նշանակել ՀՀԿ խորհրդի անդամ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին»:

Նույն թերթին տված հարցազրույցում «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքը, ասել է. - «Առայժմ լուծումը չի երեւում: Առաջին հերթին պետք է հաշվի առնել արցախահայության կարծիքը: Նրանք են իրենց մաշկի վրա զգալու կարգավորման հետեւանքները: Մեր մոտեցումները հայտնի են: «Դաշինք» կուսակցությունը բազմիցս ներկայացրել է իր տեսակետները: Միջնորդները, եթե ուզում են իրոք օգտակար լինել, ապա պետք է բանակցեն Ստեփանակերտի հետ, հետո միայն՝ Երեւանի ու Բաքվի»:

«Հայկական ժամանակ»-ին «լավատեղյակ աղբյուրներից» հայտնի է դարձել, որ առաջիկայում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը կհրավիրվի գլխավոր դատախազություն՝ հարցաքննության. - «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատախազությունը գրությամբ դիմել էր եղամյանին՝ խնդրելով Գագիկ Ծառուկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մասին օրեր առաջ արած հայտարարության հետ կապված մանրամասներ ներկայացնել»։ Թերթը փոխանցել է գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանի խոսքը. - «Հույս ունենք, որ Արտաշես Գեղամյանը հավատարիմ կմնա ԶԼՄ-ներին տված իր հավաստմանը, թե կտրամադրի բոլոր նյութերը եւ ի վերջո կտրամադրի այն ապացույցները, որոնք նրան հիմք էին տվել հայտարարելու, որ Գագիկ Ծառուկյանի դեմ մահափորձ էր ծրագրվել»:

«Իրավունք»-ը «Ներիշխանական խաղեր՝ ընտրությունների շուրջ» վերնագրի ներքո գրել է. - «Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած «Իրավունք»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ երկարատեւ քննարկումներից հետո ՀՀԿ խորհրդի նախագահը կուսակցության նախընտրական շտաբի պետ է նշանակել ՀՀԿ խորհրդի անդամ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին»: «Այս քայլը, բնականաբար ՀՀԿ-ականների կողմից այնքան էլ լավ չի ընդունվել, քանի որ ՀՀԿ-ի համար առանցքային դեմքերից մեկը՝ Կարեն Կարապետյանը, այդպիսով, կարծես գործընթացներից մի տեսակ կողմ է քաշվել», - հավելել թերթը։

«Հայք» պարբերականն էլ իր լավատեղյակ աղբյուրներից պարզել է, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովի ընտրություններից առաջ ընգրկվելու է Միավորված աշխատանքային կուսակցության ցուցակում։ Ըստ թերթի աղբյուրների` «նա ցանկացել է ընդգկվել «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակում, սակայն վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե իր կուսակցության ցուցակում չպետք է լինեն գործադիր իշխանության ներկայացուցիչներ»։ «Ոմանք էլ պնդում են, որ Ծառուկյանը Դավիթ Հարությունյանին դեռեւս բավականաչափ հասունացած չի համարում՝ իր կուսակցության ցուցակ մտնելու համար», - հավելել է թերթը։

«Օմբուդսմենի տուրիստն է լավ» վերնագրի տակ «Ժամանակ-Երեւան» թերթը, փոխանցելով, թե Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեք ամսով վերապատրաստման դասընթացների է մեկնել Լոնդոն, գնահատել է. - «Անշուշտ, «էն գլխից» էլ Արմեն Հարությունյանին օմբուդսմենի պաշտոնում ամենաշատը հետաքրքրել են շրջագայություններն ու գործուղումները, սակայն, սրանով նա հաստատել է, որ Հայաստանի օմբուդսմենն ու նրա գրասենյակը այնքան պարապ են, որ գրասենյակի ղեկավարը կարող է երեք ամսով մեկնել այլ երկիր՝ եւ ոչ ոք այդ ընթացքում գլխի չի ընկնի, որ նա բացակայում է երկրից։ Ասում են, որ Հարությունյանի նշանակումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոչ մեկը արտասահմանյան գործուղման չի մեկնել՝ շրջագայում է միայն օմբուդսմենը»։

Նույն թերթը փոխանցել է. - «Սոդքի ոսկու հանքերի բանվորները արդեն երեք-չորս օր է հարկադիր պարապուրդի են մատնված։ Ոսկու հանքերը պլոմբել են, որովհետեւ հնդիկ սեփականատերերին «բռնացրել են» 1,5 տոննա ոսկի ապօրինի արտահանելիս: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Սոդքի ոսկու հանքերին ցանկանում է տիրանալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ում օժանդակությամբ էլ կազմակերպվում էին վերջին տարիներին բանվորների խռովություններն ու գործադուլները։ Այլ աղբյուրներ էլ հավատացնում են, որ Սոդքի ոսկու հանքերի վրա «աչք են տնկել» ռուսները, եւ Քոչարյանն ուզում է «հանքերը հնդիկներից վերցնել՝ ռուսներին տալ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG