Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Ավելին պետք է արվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հայտարարել է, թե «Վրաստանն անհրաժեշտ չափով ուժ է հավաքել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում առաջ գնալու համար»:

Սահակաշվիլին, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այսօր ելույթ է ունեցել Կախեթիում եւ ասել է, որ ճիշտ երեք տարի առաջ՝ 2004 թվականի հունվարի 25-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր շատ բան է արվել, «սակայն դեռ ավելի շատ պետք է արվի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:

«Չքնաղ վրացական քաղաք Ցխինվալիում մի խումբ ավազակներ պատանդառել են տեղացի բնակիչներին եւ հարեւան գյուղերի մարդկանց, որոնք մեր քաղաքացիներն են», - Հարավային 0սիայի հակամարտության մասին ասել է Սահակաշվիլին: Ապա անդրադառնալով մյուս հակամարտությանը` նա հայտարարել է. - «Մեզ համար ամենագեղեցիկ վայրը մեր Աբխազիան է, սակայն այնտեղ այլեւս չեն ապրում մարդիկ, ովքեր հանգուցյալներ ունեն այդ հողում, մարդիկ, որոնց անխղճորեն վտարել են այնտեղից»:

«Մեր հարեւանի տարածքում առ այսօր սպանում են Աբխազիայից վտարվածներին սոսկ այն բանի համար, որ նրանք վրացերեն են խոսում: Մենք երբեւէ չենք հաշտվի նման իրողության հետ», - ասել է Սահակաշվիլին:

Մեկնաբանները ենթադրում են, որ «հարեւան երկրի» մասին ակնարկը հասցեագրած է Ռուսաստանին, որտեղ վերջերս վրացի էր սպանվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG