Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունները Մեթյու Բրայզան կառուցողական է համարում


«Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունները կարելի է կառուցողական համարել», - հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ Բաքվի օդանավակայանում՝ համանախագահների Երեւան մեկնելուց առաջ:

Բրայզայի խոսքերով, խորհրդակցությունների ժամանակ դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «հիմնական սկզբունքները», ինչպես նաեւ էներգետիկ հարցեր:

Ադրբեջանական «Զերկալո» թերթի փոխանցմամբ, ամերիկացի համանախագահը ասել է նաեւ, թե Ադրբեջանի արտգործնախարարը եւ նախագահը «լուրջ եւ կառուցողական» վերաբերմունք ունեն բանակցությունների նկատմամբ, ինչը թույլ է տալիս ակնկալել «համաձայնությունների ձեռք բերում ընթացիկ տարում»:

Մեթյու Բրայզան գտնում է, թե 2007 թվականին խաղաղ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, «սակայն պետք է լուծվեն որոշ խնդիրներ»:

Նա նաեւ հավելել է, որ «բանակցություններում երկու կողմերը լրջորեն պաշտպանում են իրենց դիրքորոշումները, սակայն՝ կառուցողական մթնոլորտում»:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, հայտարարել է. - «Ղարաբաղյան բանակցային գործընթացը շարունակվում է կառուցողական եւ մանրակրկիտ կերպով: Ուրախ ենք նկատել, որ երկու կողմերը շատ կառուցողական ներդրում ունեն մեր ջանքերում»:

Հարցին՝ արդյոք աշխատանք կատարվո՞ւմ է խաղաղ համաձայնագրի նախագծի վրա, Ֆասիեն դրական պատասխան է տվել՝ միաժամանակ հավելելով, թե «այդ ամենը կախված է ձեռք բերված տեղաշարժերի շարունակումից եւ ամրապնդումից»:

«Խաղաղ համաձայնագիր կնքողները մենք չենք: Ամեն ինչ կախված է ձեր ղեկավարների քաղաքական կամքից: Մենք միայն ձգտում ենք օգնել նրանց, բայց վերջին խոսքը նրանցն է», - հայտարարել է ֆրանսիացի համանախագահը:

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է, որ Երեւանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես գալու:

Համանախագահները Երեւան ժամանեցին չորեքշաբթի երեկոյան: Այսօր նրանք Ստեփանակերտում հանդիպումներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG