Մատչելիության հղումներ

Գագիկ Հարությունյանը մասնակցեց Հայաստանի եւ Ֆրանսիայի համատեղ իրավական ժառանգությանը նվիրված «կլոր սեղանին»


Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայի պետական խորհրդում կայացավ երկու երկրների համատեղ իրավական ժառանգությանը նվիրված «կլոր սեղան»՝ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Պիեռ Մազոյի, Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի եւ այլոց մասնակցությամբ:

Գագիկ Հարությունյանն անդրադարձավ եվրոպական իրավական համակարգի ամբողջականության մեջ ազգային իրավական համակարգի գրաված տեղին՝ ընդգծելով, թե չպետք է հակադրել ազգային իրավական համակարգը եվրոպականին, այլ պետք է ներդաշնակեցնել դրանք:

«Եվրոպական օրենքը աղբյուր է մեզ համար, բայց մենք կարեւորությունը տալիս ենք մեր Սահմանադրությանը, մեր Սահմանադրությունն է, որ գերակայում է», - ընդգծեց նա:

Վերջում Գագիկ Հարությունյանը Սահմանադրական դատարանի ոսկե մեդալը հանձնեց ֆրանսիացի պաշտոնակից Պիեռ Մազոյին՝ Հայաստանի սահմանադրական դատարանին նրա ցուցաբերած օժանդակության համար:

«Հետագայի համար մենք մտադիր ենք համագործակցությունը շարունակել տարբեր կոնկրետ ուղղություններով՝ համատեղ հրապարակումներ, համատեղ կոնկրետ պրոբլեմային սեմինարների կազմակերպում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գագիկ Հարությունյանը: - «Անցած տարի Սահմանադրական խորհրդի հատուկ տեղեկագրում հրապարակվեցին մեր Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ մեծ նյութեր, մենք պատրաստվում ենք մեզ մոտ հրատարակվող միջազգային տարեգրքում հրապարակել Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: Ամեն տարի մեզ մոտ կազմակերպվող միջազգային գիտաժողովներին իրենք ակտիվորեն մասնակցում են»:

«Այսինքն, աշխատանքային, մշտական, շարունակական համագործակցություն է, որը բավական արդյունավետ զարգանում է», - ամփոփեց Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահը:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG