Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Հունվարի 19-ին, երբ Ստամբուլում սպանվեց հայտնի լրագրող Հրանտ Դինքը, Մերձմոսկովյան Տոմիլինո բնակավայրում դաժանաբար սպանվել է եւս մի հայ` աշխարհի եւ հայության համար անհայտ 16-ամյա դպրոցական Արթուր Մարտիրոսյանը: Բնականաբար, այդ իրադարձությունների նշանակությունը տարբեր է: Բայց ոչ այն աստիճանի, որ մեկից «հայրենասիրական շոու» սարքվի, իսկ մյուսը բացարձակ անտարբերության մատնվի: Մանավանդ, որ Ստամբուլի սպանությունը վերջին տարիներին Թուրքիայում եզակի դեպք է, իսկ Ռուսաստանում հայերի սպանություններ տեղի են ունենում գրեթե ամեն օր»: «Արթուրն էլ գուցե Հրանտի նման նշանավոր մարդ դառնար: Եթե մեծանար», - ընդգծում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Հայկական ժամանակ» թերթում «Բոլորը բոլորի հետ բանակցում են» վերնագրված հոդվածում կարդում ենք. - «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի են ակտիվանում տարատեսակ դաշինքների եւ միավորումների մասին խոսակցությունները: Հատկանշականը, սակայն, այն է, որ երբ բոլորը հետեւում են, թե ում հետ կմիավորվեն խոշոր կուսակցությունները, երկրորդական պլան են մղվում մանր ու միջին կուսակցությունները»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը հարցին, թե ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն այդքան «շտապեցնում» Արեւմուտքին Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործում, պատասխանել է. - «Բաքվում հասկանում են, որ առաջիկա գարնանը Հայաստանում լուրջ ներքաղաքական պայքար է սպասվում, եւ որ Ղարաբաղյան բանակցությունների արագացման սցենարը կարող է բարդ կացության մեջ դնել հայկական կողմին եւ նրան կանգնեցնել զիջումների դիմելու կամ Պրահայի գործընթացը տորպեդահարողի դերը ստանձնելու դժվարին երկընտրանքի առջեւ»։ «Ակնհայտ է, որ այս երկու տարբերակներն էլ ձեռնտու են Ադրբեջանին», - ընդգծել է մեկնաբանն ու հավելել. - «Ռուս-ադրբեջանական հարաբերություններում սկիզբ առնող ներկա սուր դիմակայության համընկնումը Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման հեռանկարի հետ, լուրջ շանս է հայ դիվանագիտության համար ոչ թե Ադրբեջանի նման «բանակցային շտապողականություն» խաղալու, այլ իսկապես շտապելու Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման նպատակով»։

«Հայկական ժամանակ»-ը գրել է. - «ՀՀԿ Արմավիրի մարզային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացվելուց հետո ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը զրկվել է նաեւ ԱԺ պատգամավոր դառնալու իշխանական «դաբրոյից», եւ ընդհանրապես, հայտնի չէ` կառաջադրվի՞, թե՞ ոչ: Այս իրավիճակից մեծապես օգտվել է «ՄԱՊ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որ նախորդ ընտրություններում պատգամավոր էր դարձել «Օրինաց երկիր»-ի համամասնական ցուցակով: Հիմա նրան Սերժ Սարգսյանը գործուղել է պատգամավորի թեկնածու առաջադրվելու Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում, որը ներկա խորհրդարանական բառապաշարով ասած` «Նովոյի ընտրատարածքն էր»: «Պետրոսյանը նաեւ տեղ կզբաղեցնի ՀՀԿ համամասնական ցուցակում` մոտավորապես 25-րդ հորիզոնականում, եւ սրա համար ՀՀԿ նախընտրական ֆոնդին կզոհաբերի մեկ միլիոն դոլար», - հավելել է թերթը:

«Հերթը հասավ տրանսպորտին եւ արդյունաբերությանը» վերնագրի տակ «168 ժամ» թերթի խմբագրականը փաստել է. - «Սոչիի իր նստավայրում հանդիպելով Ռոբերտ Քոչարյանի հետ, Վլադիմիր Պուտինը հայտարարել է. - «Մենք միշտ զրուցելու թեմա ունենք: Մեզ մոտ ամեն ինչ որոշված է էներգետիկայի ոլորտում: Այժմ մենք ակտիվ զբաղվում ենք տրանսպորտով եւ արդյունաբերությամբ»: Թերթի խմբագիրը նկատել է, որ եթե այս ոլորտներում էլ ամեն ինչ որոշվի էներգետիկայի պես, ապա «մոտ ապագայում Հայաստանի արդյունաբերությունն ու տրանսպորտը նույնպես կդառնան Ռուսաստանի սեփականությունը»:

«Մնաց շքանշանները կախեն դոշներից» վերնագրի տակ «Ժամանակ-Երեւան» թերթը փոխանցել է. - «Հայաստանի անզուգական վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերջին օրերին Մակարենկոյի կեցվածքով գնահատականներ էր նշանակում իր ստորադասներին` «երեք», «չորս»: Իսկ երեկ վերցրել ու «գերազանց» է գնահատել Արդարադատության նախարարության աշխատանքը: Եվ ի դեպ, այս նախարարությունը միակն է, որ արժանացել է պարոն վարչապետի այսօրինակ բարձր գնահատականին: Ըստ սոցիոլոգիական հարցումների, դատական համակարգը համարվում է Հայաստանի ամենակոռումպացված ոլորտներից մեկը»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG