Մատչելիության հղումներ

Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր Երեւանում մասնակցեցին անցած շաբաթ Ստամբուլում սպանված հրապարակախոս, լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սգո երթին:

Հայաստանի գրողների միության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացված երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնից` Շահումյան հրապարակից, շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում:

Երթի մասնակիցները, որոնց մեջ քիչ էին նաեւ երիտասարդները, դպրոցականները, տանում էին Հրանտ Դինքի մեծադիր լուսանկարները, «Թուրքիան սպանեց իր պաշտպանին», «1,5 միլիոն գումարած 1» եւ այլ գրություններով ցուցապաստառներ:

Երթի մասնակիցներից շատերի կարծիքով, այս սպանությամբ ավելի երկարեց Թուրքիայի` դեպի Եվրամիություն տանող ճանապարհը:

«Անկեղծ ասած, հույս չունեմ, թե Թուրքիան կարող է մոտ ապագայում եվրոպական կեցվածք ընդունել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց երթի մասնակիցներից մեկը:

Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի ձեւակերպմամբ` սպանվեց հայորդին, բայց պարտվեց Թուրքիան: Այսօր լռել եւ մեկուսանալ, ըստ նրա, չի կարելի:

«Սպանությունը նրանց պարտությունն է», - ասաց Ջրբաշյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG