Մատչելիության հղումներ

Աշխարհի մամուլն արձագանքում է Դինքի հուղարկավորությանը


Աշխարհի տարբեր երկրների մամուլն այսօր անդրադարձել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հուղարկավորությանը, որին, տարբեր աղբյուրների համաձայն, մասնակցել է մոտ 100 հազար մարդ:

Լոնդոնում լույս տեսնող «Թայմս» թերթը մեջբերում է թուրք մեկնաբան Մեհմետ Ալթանին, որն ասել է.֊ - «Հսկան արթնացավ այսօր: Առաջին անգամ թուրք ժողովուրդը ընդունեց մի կեցվածք, որը հեռու է քարոզչությունից, որի ազդեցության տակ է նա սովորաբար գտնվում: Մահվանից հետո մենք տվեցինք նրան այն, ինչ չէինք կարող տալ կենդանության օրոք»:

«Լոս Անջելես Թայմս»֊-ը ծավալուն հոդված է տպագրել Հրանտ Դինքի հուղարկավորության մասին` մեջբերելով 55-֊ամյա թուրք շինարար Զեյնեփ Չաթիկին.֊ - «Ես այնպիսի զգացում ունեմ, կարծես, կորցրել եմ եղբորս: Թուրքիան կորցրեց իր առանցքային արժեքներից մեկը»:

Բրիտանական «Գարդիան»֊-ը այսօր փաստում է, որ Դինքի սպանության հետեւանքով Թուրքիայում բանավեճ ծավալվեց խոսքի ազատության շուրջ:

«Դինքի սպանությունը նշանավորում է արմատական ազգայնականության նոր ալիք»,֊ - այսպես է այսօր վերնագրել իր հոդվածը «Այրիշ թայմս» իռլանդական թերթը:

«Ֆայնենշլ թայմս» օրաթերթը արձանագրում է, որ թեեւ Դինքը հետեւողական ջանքեր է գործադրել, որպեսզի թուրքերը բանավեճ ծավալեն հայկական հարցի շուրջ, նա երբեմն նաեւ քննադատում էր գերազանցապես Ամերիկայում եւ Ֆրանսիայում բնակվող սփյուռքահայերին՝ ցեղասպանության ճանաչումը պնդելու համար: Անգլիական պարբերականը փաստում է, որ «իր մահով Դինքը քննադատական մտածողության հազվադեպ պահ առաջացրեց թուրք ազգի մոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG